Ոստիկանները բացահայտել են սպանությունը. երկու զոհ՝ Սևանա լճի լողափերից մեկում ծագած վիճաբանության հետևանքով

Սևանա լճի լողափերից մեկում ծագած ծեծկռտուքի վերաբերյալ ահազանգը ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվեց հուլիսի 30-ին, ժամը 19-ի սահմաններում: Տասնհինգ րոպե անց "Սևան" բժշկական կենտրոնից հաղորդում ստացվեց, որ իրենց մոտ է տեղափոխվել 1957 թ. ծնված Աշոտ Հովհաննիսյանի դիակը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Գեղարքունիքի մարզային վարչությունների և Սևանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.50-ի սահմաններում, լողափում ծեծկռտուք է տեղի ունեցել Աշոտ Հովհաննիսյանի, նրա երկու որդիների և 1989 թ. ծնված Դավիթ Առաքելյանի ու նրա ընկերների միջև, ինչից հետո Աշոտ Հովհաննիսյանը մահացած տեղափոխվել է հիվանդանոց:

Աշոտ Հովհաննիսյանի որդին՝ 1981 թ. ծնված Էդգար Հ.-ն, հետապնդել և ժամը 19.05-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 62-րդ կմ-ում գտնվող ճանապարհի բանուկ մասում Դավիթ Առաքելյանին իջեցրել է "Մերսեդես" ավտոմեքենայից ու որսորդական հրացանով կրակել նրա վրա: Վերջինս գլխի շրջանում ստացել է մահացու հրազենային վիրավորում:

Էդգար Հ.-ն ժամը 20.05-ին մեղայականով ներկայացել է Սևանի բաժին և ներկայացրել իր անվամբ հաշվառված որսորդական հրացանը: 

Նշանակվել են համալիր փորձաքննություններ: 

Էդգար Հ.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն:

ԲԱՐՈՄԵՏՐ

11:41 Հուլիս 31, 2017

Ամենաընթերցված նյութեր