"Երևանյան ամառ 2017". Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի հաղթող է ճանաչվել Նուբարաշենի hեծանվավազքի թիմը

Երևանի քաղաքապետարանի "Երևանյան ամառ 2017" եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում "Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք" խորագրով շարունակվող համաքաղաքային բակային մրցաշարի 8 մարզաձևերից 5-րդը հեծանվավազքն էր: Այս մարզաձևում վարչական շրջանների թիմերը, կանոնակարգի համաձայն, ներկայացել էին տեղերում լավագույն արդյունքներ գրանցած երեքական հեծանվորդներով: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

"Երևանյան անիվ" անունը կրող հեծանվավազքի մրցաշարում միավորների զգալի առավելությամբ հաղթող է ճանաչվել Նուբարաշեն վարչական շրջանի հեծանվորդների եռյակը, երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է Աջափնյակի, իսկ երրորդը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պատանի հեծանվորդների եռյակը: Պատվավոր երեք հորիզոնականները զբաղեցրած թիմերը պարգևատրվել են մեդալներով և պատվոգրերով:
Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի 2017թ. բակային մրցաշարում դեռևս չեն կայացել շախմատի, շաշկու և թեթև ատլետիկայի մրցումները: Հիշեցնենք, որ բոլոր մարզաձևերի հաղթողներին ավելի ուշ կհանձնվեն նաև գավաթներ, իսկ մրցաշարում թիմային ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանն էլ կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով:

ԲԱՐՈՄԵՏՐ

19:06 Հուլիս 27, 2017

Ամենաընթերցված նյութեր