Բացահայտվել է Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանությունը

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ - հետախուզական համատեղ գործողությունների արդյունքում բացահայտվել է Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանությունը. 1 անձ ձերբակալվել է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից:

2017 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող "Դալարիկի ձոր" կոչվող տարածքում, հայտնաբերվել էր 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը՝ փաթաթված և կապկպված:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական համատեղ գործողությունների ընթացքում առաջ են քաշվել և ստուգվել մի շարք վարկածներ: Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել սպանության շարժառիթի և ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակի վերաբերյալ: Մեկ անձ ձերբակալվել է:

Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ այս պահին հրապարակման ենթակա չեն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԲԱՐՈՄԵՏՐ

18:42 Հուլիս 27, 2017

Ամենաընթերցված նյութեր