Հայաստանում ռուսերենի իմացությունն ամբողջությամբ բավարար է. Արա Բաբլոյանն արձագանքել է Վոլոդինի հայտարարությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն արձագանքել է Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչսլավ Վոլոդինի հայտարարությանը, որով նա առաջարկել էր Հայաստանի իշխանություններին՝ Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքների հարցը լուծելու համար ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալ: Այս մասին "Արմենպրես"-ի հացմանն ի պատասխան տեղեկացրեց ՀՀ ԱԺ Հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը՝ նշելով, որ Արա Բաբլոյանը տեղում է հակադարձել Վոլոդինին և ասել, որ նման հարց ՀՀ օրակարգում չի սպասվում:

"ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղում հակադարձեց՝ պնդելով, որ ՀՀ օրակարգում նման հարց չկա ու չի էլ սպասվում։ Հայաստանում բոլոր դպրոցներում սովորում են ռուսերեն, ուստի ռուսերենի իմացությունը ամբողջությամբ բավարար է։ Կողմերը պայմանավորվեցին հարցին անդրադառնալ ապագայում",-ասաց Բաբայանը։

2017 թվականի հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել օտարերկրյա վարորդական իրավունք ունեցող վարորդներին ՌԴ-ի տարածքում աշխատելն արգելող օրենքը։ Հուլիսի 14-ին, Պետդուման օրենք է ընդունել, որի համաձայն՝ Ղրղզստանի, ինչպես նաեւ այլ երկրների քաղաքացիներին, որտեղ ռուսերենը պետական լեզու է, թույլատրվում է Ռուսաստանի տարածքում վարորդ աշխատել ազգային վարորդական իրավունքների հիման վրա։ ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել է Հայաստանի իշխանություններին երկրում օրենսդրորեն պաշտոնական կարգավիճակ տրամադրել ռուսերեն լեզվին, որպեսզի Ռուսաստանի տարածքում հնարավոր լինի ճանաչել հայկական վարորդական իրավունքները:

ԲԱՐՈՄԵՏՐ

17:22 Հուլիս 17, 2017

Ամենաընթերցված նյութեր