Հուրգադայում զբոսաշրջիկների վրա հարձակումից հետո ՀՀ ԱԳՆ-ն Եգիպտոս չայցելելու զգուշացում չի պատրաստում

Հուրգադայում զբոսաշրջիկների վրա իրականացված հարձակումից հետո Եգիպտոսի իշխանությունները խստացրել են անվտանգությունը հանգստի և զբոսաշրջության վայրերում, հետևաբար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը չի պատրաստվում զգուշացնել ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ Եգիպտոս մեկնելուց: Այս մասին "Արմենպրես"-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

-Հուրգադայում տեղի ունեցած միջադեպից հետո արդյոք Հայաստանի արտգործնախարարությունը պատրաստվում է զգուշացնել ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ Եգիպտոս մեկնելուց։

-Ոչ, նման զգուշացում չենք պատրաստում։ Ըստ Կահիրեում ՀՀ դեսպանության՝ Եգիպտոսի իշխանությունները խստացրել են անվտանգությունը հանգստի և զբոսաշրջության վայրերում։ Հուրգադայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներին Կահիրեի լավագույն հիվանդանոցներից մեկում ցուցաբերվում է որակյալ բուժօգնություն։

Հուրգադա քաղաքի հյուրանոցներից մեկում հուլիսի 14-ին անհայտ անձի կողմից սառը զենքով հարձակվելու հետևանքով զոհվել է Գերմանիայի երկու քաղաքացի: Չորս մարդ՝ երկու հայ, մեկ ռուս և մեկ չեխ, ստացել է մարմնական վնասվածք: Հարձակվողին՝ 28-ամյա Աբդել Ռահման Շաաբանին ձերբակալել են: Տուժած ՀՀ քաղաքացիները կանայք են: Նրանք հատուկ չվերթով տեղափոխվել են Կահիրեի լավագույն հիվանդանոցներից մեկը՝ առավել որակյալ բուժօգնություն ստանալու համար:

ԲԱՐՈՄԵՏՐ

12:36 Հուլիս 17, 2017

Ամենաընթերցված նյութեր