Ունենք բավարար սպառազինություն ԼՂՀ-ին և ՀՀ-ին սպառնացող վտանգները չեզոքացնելու համար. ՀՀ Նախագահ

Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքն ի վերուստ տրված իրավունք է, միջազգային կառույցների կանոնադրությամբ նախատեսված իրավունք է, միջազգային իրավունքի կողմից ընդունված սկզբունք է և այն պետք է իրացվի: "Արմենպրես"-ի հաղորդմամբ, այդ մասին "Արմենիա" հեռուստաընկերության "Ռ-էվոլյուցիա" հաղորդաշարին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը:

"Ի՞նչը կարող է երաշխավորել ցանկացած լուծման շարունակականություն կամ ի՞նչ երախիք կարող է լինել, որ եթե քաղաքական լուծում լինի, ապա պայմանները պահպանվելու են: Ես բազմաթիվ անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ թիվ մեկ երաշխիքը սեփական մարտունակ զինված ուժեր ունենալն է: Սա թիվ մեկ երաշխիքն է և ամենավստահելի երաշխիքը: Մենք ունենք բավարար սպառազինություն, որպեսզի կարողանանք մեր զորքի մարտական ունակությունների օգտագործմամբ չեզոքացնենք այն վտանգը, որ սպառնում է Լեռնային Ղարաբաղին կամ Հայաստանի Հանրապետությանը: Ով կարծում է, որ "Իսկանդերը" զուտ միայն բարոյական կամ հոգեբանական նշանակություն ունի, նա չի էլ հասկանում, թե ինչ է "Իսկանդերը": Երբ իմանա՝ կհասկանա, թե ինչպիսի կործանարար ուժ ունի այդ զենքը",- հայտարարել է ՀՀ Նախագահը:

Հայաստանի Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն օրերս այցելել է հայ-ադրբեջանական սահմանագծի մարտական դիրքեր, Իջևանում տեղակայված զորամաս, որտեղ մասնակցել է զորամասի նոր մշտական տեղակայման վայրի բացման արարողությանը, ինչպես նաև "Դիտակետ", "Ես եմ", "Պատիվ ունեմ" ծրագրերի հանրային քննարկումների ամփոփմանը։ Այցի ընթացքում "Արմենիա" հեռուստաընկերության "Ռ-էվոլյուցիա" հաղորդաշարը վարող Սաթիկ Սեյրանյանը հնարավորություն է ստացել հարցեր ուղղելու նախագահ Սերժ Սարգսյանին՝ առաջին հերթին՝ հայկական զինված ուժերի ներկայիս իրավիճակի, մարտունակության, սահմանագծում տիրող իրավիճակի և անվտանգության խնդիրների հետ կապված թեմաների շուրջ։ Հարցազրույցը եթեր կհեռարձակվի առաջիկա կիրակի:

ԲԱՐՈՄԵՏՐ

19:05 Հուլիս 14, 2017

Ամենաընթերցված նյութեր