Եվրոպայի ստորագրահավաք-արշավը եվրոպական կազմակերպություններին կներգրավի Արցախի ժողովրդի կյանքում

Եվրոպայի ստորագրահավաք-արշավի նպատակն է Եվրամիության և եվրոպական այլ կառույցների ներգրավել Արցախի ժողովրդի կյանքում: Ակնկալվում են փոխայցելություններ, տեղեկատվության փոխանակում, ինչպես նաև ֆինանսական աջակցություն: Ստորագրահավաքին արդեն միացել են 2000 մարդ, որոնց թվում են 60 հասարակական-քաղաքական ճանաչված դեմքեր, եվրախորհրդարանի պատգամավորներ:

"Արմենպրես"-ի հաղորդմամբ, հուլիսի 14-ին կայացած ասուլիսում Բրյուսելից ուղիղ միացմամբ այս մասին խոսեցին Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, Բելգիայի հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի ընդհանուր համակարգող Շահնուր Մինասյանը և ՀԲԸՄ Եվրոպայի տնօրեն Նիկոլա Դավիթյանը:

"Արցախում այսօր միջազգային կազմակերպությունների ներգրավվածություն գրեթե չկա: Ստորագրահավաքի բուն նպատակը գումարային աջակցությունը չէ, այլ եվրոպական կազմակերպությունների ներգրավվածությունը Արցախի հասարակության կյանքում, ՀԿ-ների համագործակցությունը: Տեղեկատվության հասանելիության առումով ևս աշխատանքներ կան իրականացնելու, քանի որ Եվրոպայում շատ քչերը գիտեն Արցախի մասին: Փորձում ենք ԶԼՄ-ների միջոցով լուսաբանել, որ գոյություն ունի Արցախի Հանրապետություն, կան հասարակական ակտիվ գործունեություն ծավալող կառույցներ, որոնք ունեն համագործակցության կարիք",-ասաց Շահնուր Մինասյանն ու հավելեց, որ առաջարկելու են փոխայցելություններ, ՀԿ-ների համագործակցություն:

"Եվրոպայի ներգրավվածությունը կարևոր է առաջին հերթին քաղաքական պատճառներով: Կարծում եմ, որ 2016-ի ապրիլյան դեպքերից հետո սփյուռքի կառույցների ուշադրության մեծացում է նկատվում Արցախի հիմնախնդրի հետ կապված: Ստորագրահավաքից ակնկալիքը եվրոպական կառույցների ներկայությունն է Արցախում",-ասաց Ռուբեն Մելիքյանը:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը կարևորեց հատկապես իրավապաշտպան հանրության ներկայությունը Արցախում, որը կմեծացնի մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը ներքին կյանքում, նաև իր դրական դերը կունենա խաղաղության հաստատման տեսանկյունից:

Նիկոլա Դավիթյանի խոսքով՝ Եվրամիությունը դերակատարություն ունի շատ այլ չճանաչված երկրներում՝ Հյուսիսային Կիպրոսում, Աբխազիայում: Կան հիմնադրամներ, որոնք աջակցում են այդ երկրներին, սակայն Արցախը չի ստանում նման աջակցություն: "Մենք ուզում ենք փոխել այս վիճակը և օժանդակություն բերել նաև Արցախի ժողովրդին",-նշեց նա:

Ստորագրահավաքը նախաձեռնել է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը:

ԲԱՐՈՄԵՏՐ

15:42 Հուլիս 14, 2017

Ամենաընթերցված նյութեր