Նոր նամականիշ՝ նվիրված "Մեծանուն հայեր. Համո Բեկնազարյանի ծննդյան 125-ամյակը" թեմային

"Ոսկե ծիրան" միջազգային կինոփառատոնի շրջանակներում հուլիսի 13-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված "Մեծանուն հայեր. Համո Բեկնազարյանի ծննդյան 125-ամյակը" թեմային: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական նախարարության լրատվական ծառայությունից:

Նամականիշի մարումն իրականացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, "Ոսկե ծիրան" միջազգային կինոփառատոնի տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, կինոռեժիսոր Ռոման Բալայանը, "ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի" գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն կինոռեժիսոր Համո Բեկնազարյանի դիմանկարը: Նամականիշի աջ մասում հատվածներ են առաջին հայկական համր ֆիլմից՝ "Նամուս"-ից, և առաջին հնչյունային ֆիլմից՝ "Պեպո"-ից՝ ներկայացված կինոժապավենի մեջ: Նամականիշի խորապատկերին պատկերված է "Հայֆիլմ" կինոստուդիայի լոգոտիպը:

Նամականիշն ունի 170 ՀՀ դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի "Cartor" տպագրատանը: Նամականիշի դիզայնի հեղինակներն են Դավիթ Դովլաթյանը և Վահագն Մկրտչյանը:

ԲԱՐՈՄԵՏՐ

 

11:30 Հուլիս 14, 2017

Ամենաընթերցված նյութեր