Հուլիս ամսից հնարավոր կլինի իրականացնել "Արքա" քարտերի սպասարկումը Ռուսաստանի Դաշնության տարածքում

Սանկտ-Պետերբուրգում "Ֆինանսներ հանուն զարգացման" խորագրով միջազգային բանկային 26-րդ կոնգրեսի ընթացքում, որի աշխատանքներին մասնակցում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, հայտարարվել է 2017 թ-ի հուլիսից Ռուսաստանի Դաշնության տարածքում "Արքա" քարտերի, իսկ ՀՀ տարածքում՝ "Միր" քարտերի, սպասարկման մեկնարկի մասին: Այս մասին տեղեկանում ենք ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Կոնգրեսում իր ելույթի ժամանակ Ռուսատանի Դաշնության կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան հատուկ շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին և "Արքա" համակարգին՝ արդյունավետ համագործակցության և գործընկերային հարաբերությունների, ինչպես նաև հիշյալ ծրագրի օպերատիվ, արագ առաջխաղացման համար:
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին ԿԲ Խորհրդի որոշմամբ "Միր" քարտային վճարային համակարգն ընդգրկվել է վճարահաշվարկային համակարգերի անվանացանկում, իսկ "Արմենիան Քարդ" ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպությանը "Միր" արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն է ստացել:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի, ինչպես նաև երկու երկրների ազգային քարտային համակարգերի օպերատորների կողմից կատարվել է մեծածավալ աշխատանք, որի արդյունքում հնարավոր է դարձել այս նախագծի իրագործումը:
2016 թ. նոյեմբերի 7-8-ը Երևանում կայացած "Վճարային տարածքի հնարավոր ինտեգրման հեռանկարները" թեմայով ԱՊՀ երկրների ազգային բանկերի և վճարային համակարգերի ղեկավարների ու ներկայացուցիչների աշխատանքային հանդիպման շրջանակում ընդունվել է Ճանապարհային քարտեզ, որի համաձայն մինչև 2017 թ. կեսը նախատեսվում էր ավարտին հասցնել տեխնիկական համապատասխանեցումը և "Միր" ու "Արքա" վճարային համակարգերի քարտերի փոխընդունումը մասնակիցների ենթակառուցվածքներում:
Տարեկան կտրվածքով Ռուսաստանից Հայաստան այցելում են մոտ 273 հազ զբոսաշրջիկ, որը կազմում է այլ երկրներից Հայաստան այցելող զբոսաշրջիկների մոտ 22%: Եթե նախկինում Հայաստանում և/կամ Ռուսաստանում ապրանքների, ծառայությունների համար վճարումներ կամ հաշվից կանխիկացում կատարելու համար զբոսաշրջիկները պետք է ունենային միջազգային վճարային համակարգերի քարտեր, ապա այժմ բավարար կլինի "Արքա" կամ "Միր" համակարգերի քարտերի առկայությունը:
Նախաձեռնության մեկ այլ առավելությունն այն է, որ քարտային գործարքներ կատարելիս գործարքի բոլոր մասնակիցներին նախապես հայտնի կլինի արժույթի փոխարկման փոխարժեքը: Բացի այդ նախատեսվում է, որ կիրառվող փոխարժեքը կլինի առավել բարենպաստ միջազգային համակարգերի կողմից կիրառվող փոխարժեքի համեմատ:
Այս նախագիծը իր բնույթով առաջինն է ԵԱՏՄ երկրների շրջանակում, ինչը վկայում է Հայաստանի Հանրապետության և Ռուսատանի Դաշնության միջև համագործակցության բարձր մակարդակի մասին՝ ուղղված երկու երկրների քաղաքացիներին բարձորակ ծառայությունների մատուցմանը, անկանխիկ վճարումների զարգացմանը և ազգային համակարգերի քարտային գործարքների սպասարկման աշխարհագրության ընդլայնմանը:

ԲԱՐՈՄԵՏՐ

18:11 Հուլիս 13, 2017

Ամենաընթերցված նյութեր