Նոր համաձայնագրի ստորագրման դեպքում ավելի կբարելավվի գործարար մթնոլորտը ԵՄ և Հայաստանի միջև. Շարպանտիե

Հայաստան- Եվրամիություն նախաստորագրված նոր համաձայնագրի ստորագրման դեպքում Հայաստանի համար կբացվեն նոր հնարավորություններ: "Արմենպրես"-ի հաղորդմամբ` հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

"Համաձայնագրի կենսագործումը ներառում է տնտեսական համագործակցության մի շարք ուղիներ՝ գյուղատնտեսություն, տրանսպորտ, առողջապահություն և այլն։ Նախաստորագրված պայմանագրում կան նաև դրույթներ, որոնք վերաբերում են ծառայությունների մատուցմանը, ինչը կոմերցիոն առումով խիստ կարևոր է։ Կան նաև բազմաթիվ տնտեսական պայմանագրային դրույթներ՝ միտված ավելի բարելավելու գործարար մթնոլորտը ԵՄ և Հայաստանի միջև",- ասաց Շարպանտիեն:

Մարտի 21-ին նախաստորագրվել է ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը վստահություն է հայտնել, որ փաստաթուղթը նոր էջ կբացի Հայաստանի և Եվրոպական Միության և նրա անդամ երկրների հետ հարաբերություններում:

Հուլիսի 10-ին Էդվարդ Նալբանդյանը Քիշնևում Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ նշել է, որ ԵՄ-Հայաստան համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել 2017 թվականի նոյեմբերին Բրյուսելում:

ԲԱՐՈՄԵՏՐ

17:32 Հուլիս 13, 2017

Ամենաընթերցված նյութեր