Ինչ կենսագրություն ունի Կանադայում ՀՀ նորանշանակ դեսպան Լևոն Մարտիրոսյանը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Լևոն Մարտիրոսյանը նշանակվել է Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: 

Ստորև ներկայացնում ենք Լևոն Մարտիրոսյանի կենսագրությունը.

Ծնվել է 1976թ. փետրվարի 19-ին Երևանում: 

1997-1999թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 

1997թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավագետ: 2002թթ.` Մեծ Բրիտանիայի Էսեկսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Միջազգային իրավունքի մագիստրոս: 

Մասնակցել է մի շարք ծրագրերի և դասընթացների` Ջոն Սմիթի անվան կրթական ծրագիր երիտասարդ հասարակական-քաղաքական գործիչների համար (2000թ., Մեծ Բրիտանիա), "21-րդ դարի առաջնորդներ" բարձրագույն գործադիր դասընթաց (2003թ., Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոց, ԱՄՆ),  Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության "Ապագայի անհատականություն" քաղաքական ծրագիր (2008թ., Ֆրանսիա): 2008թ. ԱՄՆ պետական դեպարտամենտի հրավերով մասնակցել է ԱՄՆ նախագահի ընտրություններին որպես միջազգային դիտորդ: 

Զբաղվել է իրավաբանական մասնավոր գործունեությամբ: 

2007թ. հուլիսին նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական:  2008-2012թթ. եղել է ՀՀ նախագահի օգնական: 

2001թ. հիմնադրել է "Երիտասարդ Դեմոկրատների Միություն" ՀԿ-ն, 2003թ.` "Բրիտանական Շրջանավարտների Ասոցիացիա" ՀԿ-ն: 

2007թ. Միացյալ Ազատական Ազգային կուսակցության (ՄԻԱԿ) համահիմնադիր է, ՄԻԱԿ-ի գլխավոր քարտուղար:  Նույն թվականի դեկտեմբերին հրաժարականի դիմումի համաձայն ազատվել է գլխավոր քարտուղարի պաշտոնից:  2007թ. ՄԻԱԿ խորհրդի և քարտուղարության անդամ է: 

2012թ. մայիսի 6-ին ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: 

Ամուսնացած է, ունի երկու զավակ: 

ԲԱՐՈՄԵՏՐ

13:59 Հուլիս 12, 2017

Ամենաընթերցված նյութեր