Վարչապետը ծանոթացել է տեքստիլի արտադրության ներդրումային նոր ծրագրերին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է "Ալեքս տեքստիլ" ընկերության մանկական հագուստի նորաբաց արտադրամաս: Կառավարության ղեկավարը շրջել է արտադրամասով, ծանոթացել արտադրական հզորություններին և ընկերության առաջիկա ծրագրերին: Տեղեկացվել է, որ մանկական հագուստի արտադրանքի ամբողջ խմբաքանակն արտահանվում է Ռուսաստան՝ հայտնի "Детский Мир" խանութների ցանցի պատվերով: 2017 թվականի հունվարից բացված արտադրամասում աշխատում է 350 մարդ: "Ալեքս տեքստիլ"-ը նախատեսում է առաջիկա մեկ տարվա ընթացքում հիմնել հինգ նոր արտադրամաս՝ ստեղծելով 7 հազար 5 հարյուր նոր աշխատատեղ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:

Այնուհետև վարչապետը եղել է տեքստիլի արտադրությամբ զբաղվող "Հելլո" ընկերությունում, որն արտադրում է "Հելլո բժշկական", "Յու ընդ Մի" և "Արտսոքս" ապրանքանիշի տրիկոտաժե ապրանքներ: Ընկերության արտադրանքի մի մասն իրացվում է ներքին շուկայում, իսկ մնացածն արտահանվում Վրաստան, Ռուսաստան և Մեծ Բրիտանիա: Ընկերությունում աշխատում է 100 մարդ: "Հելլո"-ն նախատեսում է նոր ներդրումների արդյունքում աշխատատեղերի թիվն առաջիկա տարվա ընթացքում կրկնապատկել: 

Վարչապետը կարևորել է Հայաստանում տեքստիլի արտադրության զարգացումն ու ընդլայնումը և նշել, որ դրա համար առկա է մեծ ներուժ: Կարեն Կարապետյանն ընկերությունների ղեկավարների հետ քննարկել է առաջիկա ներդրումային ծրագրերին, արտադրությունների ընդլայնմանը և կառավարության աջակցության մեխանիզմներին վերաբերող մի շարք հարցեր: 
 

ԲԱՐՈՄԵՏՐ
 

19:04 Հունիս 19, 2017

Ամենաընթերցված նյութեր