2040 թվականին պետք է հասնել առնվազն 4 միլիոն բնակչի. ՀՀ Նախագահ

Տարածքային համաչափ զարգացումը պահպանելով որպես երկարաժամկետ նպատակ՝ անհրաժեշտ է կարճ և միջին ժամկետներում առկա ոչ մեծաքանակ ռեսուրսներն ուղղել ավելի պատրաստված և նախադրյալներ ունեցող տարածքային զարգացման ծրագրերի իրականացմանը: Այս մասին վեցերորդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստում հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:  Այս մասին  տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

"Դրանք իրենց հերթին կբերեն տեղային աճի կենտրոնների ձևավորմանը՝ աստիճանաբար տարածվելով և հանգեցնելով երկարաժամկետ տարածքային համաչափ զարգացմանը: Միևնույն ժամանակ, առանձնակի մոտեցում պետք է ցուցաբերել սահմանապահ համայնքների զարգացմանն ու ամրապնդմանը, ինչը շարունակում է ինչպես տնտեսական, այնպես էլ ազգային անվտանգության տեսանկյունից կարևոր խնդիր մնալ:
Հայաստանի Հանրապետությունում հատկապես անընդունելի է ունենալ աղքատության բարձր ցուցանիշ, քանի որ հայերը հայտնի են իրենց բացառիկ ձեռնարկատիրական ընդունակություններով։

Չափազանցրած չեմ լինի, եթե պնդեմ, որ յուրաքանչյուր ընտանիքում կա մեկը, ով գոնե մտածել կամ մտածում է սեփական գործը հիմնելու մասին: Այս առումով անհրաժեշտ է ապահովել նվազագույն անհրաժեշտ պայմաններ և հնարավորություն տալ յուրաքանչյուր քաղաքացու փորձելու և, համոզված եմ, հաջողությամբ իրականացնելու իր նախատեսած ծրագրերը:

Միաժամանակ, էական նշանակություն ունի եկամուտների բաշխման արդարության և համաչափության ցուցանիշների բարելավումը, որպեսզի հասարակության բոլոր խավերի համար տեսանելի և շոշափելի լինեն տնտեսական աճի արդյունքները: Անհնար է հասնել երկարաժամկետ կայուն տնտեսական աճի, եթե այդ աճի արդյունքների վերաբաշխման համակարգն արդար և թափանցիկ չէ, զգալի չէ յուրաքանչյուր քաղաքացու համար և չի ապահովում աղքատության ցուցանիշի կրճատում:

Աղքատության կրճատման ուղիներից են զանազան նպաստների տրամադրման համակարգերը կամ սոցիալական աջակցության ծրագրերի իրականացումը, սակայն հիմնական ճանապարհը աշխատատեղերի ստեղծումն ու ձեռնարկատիրական ունակությունների իրականացման աջակցությունն է: Այդ պարագայում յուրաքանչյուրը կբարելավի իր և իր ընտանիքի բարեկեցությունը՝ միաժամանակ բարձրացնելով սեփական արժանապատվությունն ու ինքնագնահատականը:

Աղքատության կրճատման հիմնական նպատակային ցուցանիշը աղքատների տոկոսն է ընդհանուր բնակչության թվում, և այդ ցուցանիշը առաջիկա 5 տարում առավելագույնը պետք է կազմի 18 տոկոս, իսկ 2040 թվականին՝ 7-8 տոկոս:

Պետք է շարունակաբար բարձրացնել աշխատանքի և սոցիալական պաշտպանության կառավարման համակարգի թափանցիկությունն ու բարելավել ծրագրերի արդյունավետությունն ու հասցեականությունը: Աշխատավարձը պետք է լինի յուրաքանչյուր աշխատողի բարեկեցության հիմքը, ապահովի իր և իր ընտանիքի արժանապատիվ ապրելակերպը:

Այս նպատակով պետք է հետևողականորեն գործել, որպեսզի նվազագույն աշխատավարձի և աղքատության վերին շեմի հարաբերակցությունը շարունակաբար աճի՝ հասնելով 190 տոկոսի մինչև 2022 թվականը և 300 տոկոսի՝ մինչև 2040 թվականը: 
Միևնույն ժամանակ կենսաթոշակառուները պետք է դուրս մնան սոցիալապես անապահով խավի շրջանակներից: Մասնավորապես, պետք է հասնենք այն բանին, որ աշխատանքային կենսաթոշակի նվազագույն մակարդակը գերազանցի աղքատության վերին շեմը:
Նախորդ 25 տարիների ժողովրդագրական իրավիճակի ընթացքը պայմանավորված էր մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով, իսկ արդյունքները խիստ մտահոգիչ և անընդունելի են: Առաջիկա տասնամյակների համար մեր գերխնդիրը պետք է լինի Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի էական բարելավումը:

Այս ուղղությամբ աշխատանքը կարելի է բաժանել երեք հարթության. 1) արտագաղթի դադարեցում, 2) ծնելիության բարձրացում և կյանքի տևողության երկարացում, և 3) արտագաղթածների վերադարձի նախապայմանների ստեղծում:

Անհրաժեշտ է յուրաքանչյուր նշված ուղղությամբ, իրականացված վերլուծությունների հիման վրա, այնպիսի միջոցառումների մշակում և իրականացում, որոնք ի տարբերություն նախորդ 25 տարիների, հաջորդ 25 տարիներին և հետագայում կապահովեն բնակչության թվաքանակի հնարավոր առավելագույն ավելացում:

Ժողովրդագրական իրավիճակի էական և կտրուկ բարելավման արդյունքում 2040 թվականին պետք է հասնել առնվազն 4 միլիոն բնակչի:

Մեր նպատակն է ունենալ ինտելեկտուալ Հայաստան: Կրթված սերունդն է մեր երկրի հաջողության գրավականն ու բարեկեցության հիմքը: Հետևաբար պետք է ապահովենք առաջնակարգ կրթության հասանելիություն՝ միաժամանակ շարունակաբար բարձրացնելով կրթության որակը: Խիստ կարևոր է նաև ապահովել գիտության ու կրթության կապը տնտեսության հետ:

Գիտությունն ու կրթությունն առաջին հերթին պետք է տան այն խնդիրների լուծումները, որոնց առջև կանգնած են տնտեսությունն ու տնտեսվարողները: Անհրաժեշտ է գիտության և կրթության ֆինանսավորման գործող համակարգը լրացնել այնպիսի տարրերով, որոնցում պարտադիր մասնակցություն ունենա նաև մասնավոր հատվածը: Դա կվկայի, որ տվյալ ծրագրի ֆինանսավորումը պահանջված է, իսկ արդյունքները կլինեն կոնկրետ ու չափելի՝ նպատակ ունենալով բարձրացնել հայկական տնտեսության մրցունակությունն ինչպես կարճ, այնպես էլ միջին և երկար ժամկետներում:

Հայաստանի քաղաքացու առողջությունն ու առողջ ապրելակերպը պետության զարգացման կարևորագույն գրավականներից են: Ուստի պետության կողմից մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարձրացումն ու բժշկական ապահովագրության ներդրումը առողջապահական համակարգի առաջնահերթ խնդիրներից են:

Անվճար և որակյալ բժշկական օգնությունը պետք է հասանելի լինի անապահովության և սոցիալական արդարության սկզբունքի հիման վրա: Միաժամանակ, պետությունը պետք է աջակցի անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող ցանկացած անձի: Հատկապես, մշտական ուշադրության կենտրոնում պետք է պահել մոր և մանկան առողջության վերաբերյալ հարցերը, քանի որ դրանք հսկայական ազդեցություն ունեն Հայաստանի Հանրապետության առողջ քաղաքացու կերտման գործում:

Երիտասարդների միջին մասնագիտական և բարձրագույն որակյալ կրթության մատչելիությունը կարևոր նշանակություն ունի, որպեսզի երիտասարդները ինքնադրսևորվեն և ակտիվորեն ներգրավվեն հայրենիքի շենացման գործին: Պետք է պայմաններ ապահովել, որպեսզի երիտասարդների ընդունակությունները, այլ ոչ թե սոցիալական դրությունը, վճռորոշ լինեն համապատասխան կրթություն և աշխատանք ստանալու հարցում:

Պետք է շարունակել և ընդլայնել երիտասարդության զբաղվածության, ինչպես նաև բնակարանային ապահովման ծրագրերը: Առողջ և կրթված երիտասարդների ամուր ընտանիքները և ապագայի հանդեպ լավատեսությունը կարևոր նախապայմաններ են Հայաստանի զարգացման և առաջընթացի համար:

Մեր նպատակն է պահպանել, ավելացնել և գալիք սերունդներին փոխանցել մեր հարուստ մշակութային ժառանգությունն ու հանրահռչակել այն ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս: Պետք է խթանել տնտեսական բաղադրիչի, ներառյալ՝ զբոսաշրջության, առավել սերտ ներգրավվածությունը մշակութային արտադրանքի և ծառայությունների, պատմամշակույթային ժառանգության և մշակութային արժեքների պահպանության, զարգացման և տարածման ոլորտներում: Պետք է շարունակաբար բարձրացնել ոլորտի պետական և պետական-մասնավոր ծրագրերի արդյունավետությունը՝ նպաստելով նաև մարզերում մշակույթի խնդիրների լուծմանը:

Առանց շրջակա միջավայրի պահպանության պատշաճ և արդյունավետ համակարգի անհնար է հասնել երկարաժամկետ կայուն տնտեսական աճի և ապահովել գալիք սերունդների առողջության պահպանումն ու կյանքի որակի բարելավումը:

Բնապահպանական հստակ չափորոշիչներին համապատասխանությունը պետք է լինի քաղաքաշինական և գործարար ծրագրերի իրականացման նախապայման: Անհրաժեշտ է շարունակել Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման և բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերն ու միջոցառումները՝ ապահովելով երկարաժամկետ կայուն կենսաբազմազանության ստեղծումը":

ԲԱՐՈՄԵՏՐ

 

13:37 Մայիս 18, 2017

Ամենաընթերցված նյութեր