Թանգարանների միջազգային օրը համայնքային թանգարաններում կանցկացվեն մի շարք միջոցառումներ

Երևանում այս տարի ևս Թանգարանների միջազգային օրը, որն ըստ ավանդույթի նշվում է մայիսի 18-ին, կանցնի հետաքրքիր միջոցառումներով, որոնց ընթացքում մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը հնարավորություն կունենան անվճար այցելելու Երևանի քաղաքապետարանի ենթակայության Երևան քաղաքի պատմության, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան, Ժամանակակից արվեստի, Կ. Դեմիրճյանի և Ֆրիտյոֆ Նանսենի թանգարաններ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով այս տարի թանգարանների միջազգային օրը կկրի "Ցավոտ պատմություններ, դժվար պատմելին՝ թանգարանում" խորագիրը:

Մայիսի 18-ին համայնքային թանգարանները կգործեն հետևյալ ժամանակացույցով.

Երևան քաղաքի պատմության թանգարանի դռները բոլոր այցելուների համար բաց կլինեն ժամը 10:00 -18:00-ն:

"Էրեբունի" պատմահնագիտական արգելոց-թանգարանը կգործի ժամը 10:30-16:30-ն: Ժամը 14:00-ին Էրեբունի թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում կբացվի "Ցավոտ պատմություններ, Վան. Կորուսյալ մայրաքաղաք" խորագրով ցուցահանդեսը:
Ժամանակակից արվեստի թանգարանը այցելուների համար բաց կլինի ժամը 11:00-18:00-ն: Ժամը 11։00-ին թանգարանում կբացվի նաև "Դարի գծեր" խորագրով ցուցահանդեսը, որը ներկայացնում է Նորվեգիայում բնակվող մի ընտանիքից երեք արվեստագետների գրաֆիկական աշխատանքները։

Կարեն Դեմիրճյանի թանգարանը կգործի ժամը 10:00-18:00-ն: Հիմնական ցուցադրությունից բացի արվեստասերներին կներկայացվի նաև "ԽՍՀՄ-ի մասին պատմում են թանգարանային առարկաները" խորագրով ցուցահանդեսը: Կցուցադրվեն նաև ԽՍՀՄ տարիները լուսաբանող փաստավավերագրական ֆիլմեր:

Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանն այդ օրը կաշխատի ժամը 10:00-18:00-ն: Ժամը 16:00-ին տեղի կունենա Նանսենի "Խաբված ժողովուրդ" գրքի քննարկումը:

Հիշեցնենք ևս մեկ անգամ, որ մայիսի 18-ին Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարաններում այցելուների մուտքը կլինի ազատ:

ԲԱՐՈՄԵՏՐ

 

21:25 Մայիս 17, 2017

Ամենաընթերցված նյութեր