Հայտնի են "Ավրորա" լուսանկարչական եւ կարճամետրաժ ֆիլմերի հաղթողները

Մայիսի 16-ին "Դալան" ցուցասրահում բացվեց "Ավրորա" նախաձեռնության "Մարդասիրության աչքերով" ֆոտո ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են "Ավրորա" լուսանկարչական մրցույթին մասնակցած աշխատանքներ: Ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ հայտնի դարձան "Ավրորա" լուսանկարչական և կարճամետրաժ ֆիլմերի հաղթողները: Այս մասին տեղեկացնում են "Հայաստանի զարգացման նախաձեռնություններ" (IDeA) հիմնադրամից:

Արցախից՝ Արեգ Բալայանի "Վերջապես հանգիստ" լուսանկարը ժյուրիի որոշմամբ ճանաչվել է լավագույնը: Լուսանկարչական մրցույթում երկրորդ տեղն է զբաղեցրել Սարգիս Բուլղադարյանը (Հայաստան)՝ "Առօրյա ջրի խնդիրը սահմանամերձ Թլիկում" լուսանկարի համար, երրորդ տեղում Վիզարուտ Սանխամի (Թաիլանդ) "Անագե պատերի հետևում" լուսանկարն է: Հատուկ մրցանակների են արժանացել Անահիտ Հայրապետյանը (Հայաստան)՝ "Փախստական հայր ու որդին Արցախում" լուսանկարի և Աննա Կարոլին դե Լիման (Բրազիլիա)՝ "Ռաջաշտանցի տղան" լուսանկարի համար:

"Համոզիչ, կարեկցանքով լի և զգայուն. առաջին "Ավրորա" լուսանկարչական մրցույթին ներկայացված պատկերները գերող էին, դրանք մեզ ստիպում էին խորհել: Տարիներ շարունակ գնահատել եմ բազմաթիվ մրցույթներ, և այս մրցույթի լուսանկարներն առանձնանում էին իրենց իմաստային խորությամբ և կատարման որակով: Մրցույթը մեր բոլորի ուշադրությունն է հրավիրում աշխարհում խիստ կարևոր խնդիրների վրա", - ասաց մրցույթի ժյուրիի նախագահ Ջոն Սթենմայերը:

Հաղթող լուսանկարի հեղինակին "Ավրորա" մարդասիրական նախաձեռնությունը շնորհում է 2500 ԱՄՆ դոլարի պարգև, երկրորդ և երրորդ տեղերն զբաղեցրած լուսանկարների հեղինակներին՝ 1500 և 1000 ԱՄՆ դոլարի պարգև:

"Ավրորա" կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում լավագույն է ճանաչվել Մարիա Ֆերնանդա Մորենո Բելտրանի "Ցանկություն" անիմացիոն ֆիլմը (Կոլումբիա), երկրորդ տեղում Ազա Անդրեասյանի "Ականադաշտի ամենաերիտասարդ աղջիկը" ֆիլմն է (Հայաստան), երրորդ մրցանակին արժանացել է Եվգենի Վասիլցովը "Հայր" ֆիլմի համար (Ուկրաինա): Հատուկ մրցանակների են արժանացել Հայկ Կբեյանը՝ "Տոնածառ" ֆիլմի (Հայաստան) և Սանտյագո Արկոս Վեինտիմիան՝ "Պաղեստինի մաշկը" ֆիլմի (Էկվադոր) համար:

"Այս մրցույթներն "Ավրորա" մարդասիրական նախաձեռնության սկսած մարդասիրական շարժումն ավելի ընդգրկուն դարձրին: Մեզ միացան աշխարհի 50-ից ավելի երկրների հազարավոր տաղանդավոր երիտասարդներ՝ ներկայացնելով մարդասիրության և երախտագիտության գաղափարների շուրջ սեփական պատկերացումները, - ասաց մրցույթների ժյուրիների անդամ և "Ավրորա" մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Արման Ջիլավյանը, - շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին, ովքեր 2017թ. "Ավրորա" մրցանակի շնորհման արարողության նախօրեին օգնեցին մեզ առավել պատկերավոր դարձնել մեր գաղափարախոսությունը":

"Ավրորա" մարդասիրական նախաձեռնությունը հաղթող ֆիլմի հեղինակին պարգևատրում է 4000 ԱՄՆ դոլար մրցանակով, երկրորդ և երրորդ տեղը զբաղեցրած ֆիլմերի հեղինակներին՝ 2000 և 1500 ԱՄՆ դոլարի մրցանակով: Երկու մրցույթների 10 մրցանակակիրներն ստացել են բացառիկ հնարավորություն՝ ներկա գտնվելու 2017թ. "Ավրորա" մրցանակի շնորհման արարողությանը՝ մայիսի 28-ին, Երևանում:

"Ավրորա" լուսանկարչական և կարճամետրաժ ֆիլմերի մրցույթները մեկնարկել էին 2016թ. դեկտեմբերին: Մրցույթներին ներկայացվել է 1237 լուսանկար՝ 48 երկրից և 184 ֆիլմ՝ 27 երկրից:

"Մարդասիրության աչքերով" ցուցահանդեսը ներկայացնում է 23 լուսանկարչի 28 աշխատանք՝ 13 երկրից: Այն այցելուների համար բաց կլինի մինչև հունիսի 6-ը` "Դալան" ցուցասրահում, հասցե՝ Երևան, Աբովյան 12, 2-րդ հարկ:

ԲԱՐՈՄԵՏՐ

 

21:26 Մայիս 16, 2017

Ամենաընթերցված նյութեր