Մեկնարկել է Երևանի երաժշտական ու արվեստի դպրոցների հոբելյանական 10-րդ մրցույթ-փառատոնը

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների 10-րդ մրցույթ-փառատոնը, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Պատանի երաժիշտները տարբեր գործիքներով և երաժշտագիտության մասին իրենց գիտելիքներով 10 անվանակարգում՝ դաշնամուր, լարային, հարվածային, փողային գործիքներ, ազգային նվագարաններ, մեներգեցողություն, երգչախումբ, դասական համույթներ, սոլֆեջիո-թելադրություն և երաժշտական գրականություն, կպայքարեն բարձր գնահատականների և հաղթանակի համար:

Մրցույթ-փառատոնի հանդիսավոր բացմանը ներկա է եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Շնորհավորելով մասնակիցներին երաժշտական ստուգատեսին մասնակցելու համար՝ Արամ Սուքիասյանը հաջողություն է մաղթել բոլորին և ընդգծել փառատոնի կարևորությունը:

"Տասնամյակը բոլորած ստուգատես այս փառատոնն անցել է բավական երկար ճանապարհ և այսօր իր կարևոր դերն ունի մայրաքաղաքի մշակութային կյանքում: Մենք հատկապես կարևորում ենք, որ տաղանդավոր մեր սաները նաև մրցակցային տրամաբանության մեջ լինեն առավել հմուտ և վստահ: Այս առումով՝ մրցույթ-փառատոնը որոշակի ավանդ ունի նաև միջազգային հարթակներում մեր երկիրն ու մայրաքաղաքը ներկայացնող պատանիների երաժշտական հաջողություններում: Ուստի, թույլ տվեք շնորհակալություն հայտնել փառատոնի կայացման գործում ներդրում ունեցած բոլոր անձանց՝ իրենց աշխատանքի և նվիրումի համար", -հատկանշել է Արամ Սուքիասյանը:

Մրցութային առաջին օրը լարային գործիքների մրցույթին մասնակցել է շուրջ 50 սան: Կատարումները գնահատող մասնագիտական ժյուրին, ինչպես ամեն տարի, կազմվել է հեղինակավոր երաժիշտներից և երաժշտագետներից:

Երաժշտական և արվեստի դպրոցների 10-րդ մրցույթ-փառատոնը կշարունակվի մինչև մայիսի 27-ը: Մրցույթում լավագույնը ճանաչված 10 դպրոցներն ամփոփիչ գալա-համերգում Երևանի քաղաքապետարանի կողմից կպարգևատրվեն հատուկ մրցանակներով, իսկ փառատոնով նախատեսված "Մենակատարներ" ոչ մրցութային անվանակարգում լավագույն մասնակցիները հնարավորություն կունենան եզրափակիչ համերգում ելույթ ունենալու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ: Բացի այդ, այս տարի գալահամերգի մասնակիցներին սպասում են հետաքրքիր այլ անակնկալներ:

ԲԱՐՈՄԵՏՐ

 

19:50 Մայիս 16, 2017

Ամենաընթերցված նյութեր