Հայաստանը կմասնակցի Վենետիկի արվեստի միջազգային 57-րդ բիենալեին

2017 թվականի մայիսի 13-ից նոյեմբերի 26-ը Վենետիկում կկայանա "Viva Arte Viva" խորագրով արվեստի միջազգային 57-րդ բիենալեն, որտեղ Հայաստանը կներկայացնեն արվեստագետներ` Ռաֆայել Մեգալը, Ժան Պողոսյանը և Միրո Պերսոլյան: Հայաստանյան տաղավարը տեղակայված կլինի Վենետիկի Մուրադ-Ռաֆաելյան վարժարանում և Սուրբ Խաչ եկեղեցում:

Վենետիկում ցուցահանդեսի փակ դիտումը մամուլի ներկայացուցիչների համար տեղի կունենա մայիսի 10-12-ը, պաշտոնական բացումը` 2017 թվականի մայիսի 11-ին, ժամը 17:30-ին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:

Արվեստագետներից յուրաքանչյուրը Բիենալեի այցելուներին կներկայացնի իր ցուցադրությունը:

Այսպես, երիտասարդ և տաղանդաշատ գեղանկարիչ Ռաֆայել Մեգալը /համադրող՝ Դեմետրիո Պապարոնի/ կներկայանա "Հովազներն իմ ծաղկած այգում" ցուցադրությունով: Երիտասարդ գեղանկարչի ընտրությունը պայմանավորված էր առաջին հերթին այն հանգամանքով, որ վերջինս ազգային զարդանախշերի և հայ մշակույթին բնորոշ տարրերի նորովի մոտեցմամբ ներկայացնում է մարդու և բնության միջև եղած փոխհարաբերությունները: Արվեստագետը մեկ միասնություն կազմող 15 աշխատանքի միջոցով կոչ է անում մարդկությանը վերադառնալ իրենց ակունքներին, ավելի մեծ տեղ հատկացնելով սեփական զգացմունքներին: Պատկերելով հովազին ծաղկող այգում, Մեգալը սարսափազդու կենդանուն դարձնում է այդ գեղեցիկ այգու պահապանը: Կոմպոզիցիոն շարքի, բուսական զարդանախշերի և գույների հակադրության միջոցով արվեստագետը փորձում է վերականգնել կորցրած ներդաշնակությունը և ստեղծել այնպիսի վայր, որտեղ կարող ենք մեզ զգալ ոչ միայն պաշտպանված, այլ նաև գեղեցկությամբ շրջապատված: Ու թեև մարդու ներկայությունը կտավներում առհասարակ բացակայում է, մենք այն զգում ենք ամենուր:

34-ամյա արվեստագետը բազում անհատական ցուցահանդեսներ է ունեցել արտասահմանյան լավագույն պատկերասրահներում /Ֆլորենցիա, Լոնդոն, Փարիզ, Նյու-Յորք, Տորոնտո/, մասնակցել տարբեր միջազգային բիենալեների՝ արժանանալով հեղինակավոր մրցանակների և պատվավոր կոչումների, իսկ 2013 թվականին՝ "Մարութա սար"` չարի և բարու պատերազմը պատկերող մասշտաբային ստեղծագործության համար արժանացել է Ֆլորենցիայի բիենալեի "Լորենցո Մեդիչի" արծաթե մեդալին և ՀՀ վաստակավոր նկարչի կոչման:

Լիբանանահայ, ներկայում Բրյուսելում բնակվող, քանդակագործ և նկարիչ Ժան Պողոսյանը /համադրող՝ Բրունո Կորա/ Վենետիկի արվեստի 57-րդ միջազգային ցուցահանդեսում կներկայացնի "Անշեջ կրակ" խորագիրը կրող ցուցադրությունը: Ցուցահանդեսի խորագրի գաղափարը ներշնչվել է զոդալամպի կրակից, որը Ժան Պողոսյանն օգտագործում է որպես "հրե վրձին"՝ իր անշեջ ստեղծագործությունները կերտելու համար: Պողոսյանը համաշխարհային այն փոքրաթիվ արվեստագետներից է, ով, տարբեր աշխատանքներ ստեղծելիս, կիրառում է կրակը և խանձվածքը: Կրակը նրա ընտրության գեղագիտական լեզուն է, որն արտահայտելու համար արվեստագետն օգտագործում է տարատեսակ զոդալամպեր: Ժան Պողոսյանի նկարչությունը ներշնչված է Ջեքսոն Փոլոքի, Սիմոն Անթայի, Ջոան Միթչելի և Իվ Քլեյնի արվեստով: Արվեստագետը կցուցադրի վերջին շրջանի իր գեղարվեստական աշխատանքները, որոնք ստեղծվել են ամենատարբեր տեխնիկաներով և նյութերով՝ կրակ, հուր, խանձվածք, գունանյութ և ջուր: Այրված առարկաները հաճախ ներառում են կտավ, թուղթ, գրքեր, աթոռներ և նկարներ՝ երբեմն արտացոլելով բազմազան տեխնիկաներով ստեղծված ծակոտկեն ուրվագծերը: Վաստակաշատ արվեստագետը բազում անհատական ցուցահանդեսներ է ունեցել արտասահմանյան լավագույն պատկերասրահներում /Բրյուսել, Աբու Դաբի, Բեյրութ/:

Հայկական տաղավարի 3-րդ մասնակիցը՝ ազգությամբ սլովենացի, ներկայում Իտալիայում ապրող և ստեղծագործող Միրո Պերսոլյան է:

Նրա ցուցադրությունը կրում է "Առանց սահմանի" խորագիրը /համադրող` Ջիորջիո Գրասսո/: Արվեստագետը կարմիր և կապույտ գույների համադրության և ներդաշնակության միջոցով փորձում է ընդգծել, որ արվեստը սահմաններ չունի:

Ու թեև երեք արվեստագետներն էլ տարբեր են և հանդես են գալիս առանձին ցուցադրություններով, նրանց բոլորին միավորում է արվեստի միջոցով բնության և մարդու փոխհարաբերությունները ներկայացնելու ձգտումը՝ հաստատելով այն ճշմատրությունը, որ արվեստը սահմաններ չունի:

Վենետիկի արվեստի 57-րդ միջազգային ցուցահանդեսի Հայաստանի ազգային տաղավարի հանձնակատարն է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը, ի դեմս Սվետլանա Սահակյանի:

Մասնակցությունը վերոնշյալ հեղինակավոր Բիենալեին հնարավորություն կընձեռի ևս մեկ անգամ հանրահռչակելու Հայաստանի ժամանակակից արվեստն արտասահմանում:

ԲԱՐՈՄԵՏՐ

 

20:29 Ապրիլ 21, 2017

Ամենաընթերցված նյութեր