Աշխարհը պետք է ճանաչի, հարգի Արցախի ժողովրդի անկախությունն ու ազատությունը. Կլաուս Լանխե Հազարյան

Ապրիլի 21-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց արգենտինահայ ճանաչված լրագրող Կլաուս Լանխե Հազարյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ սփյուռքի նախարարությունը:

Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց հայազգի լրագրողի հայանպաստ գործունեությունը, ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած "Դու ինչ ես անում Արցախի" համար համահայկական շարժման շրջանակներում կատարած աշխատանքները:

Կլաուս Լանխե Հազարյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և մասնավորապես նշեց."Շուրջ քսանհինգ տարվա լրագրող եմ: Որպես մասնագետ, ինչպես նաև մայրական կողմից հայկական արյուն ունենալով` Արցախի հարցին անդրադառնալն ինձ համար շատ կարևոր և օրակարգային է: Աշխարհը պետք է ճանաչի, հարգի Արցախի ժողովրդի անկախությունն ու ազատությունը:

Այդ նպատակով սկսեցի Արգենտինայում Արցախի մասին իսպաներեն լեզվով տարաբնույթ տեղեկատվություն տարածել, որպեսզի Արցախն ամբողջապես ճանաչվի: Իմ ստեղծած www.soyarmenio.com.ar ("Ես հայ եմ") կայքում առանձին "Լեռնային Ղարաբաղ" բաժինն եմ բացել, որտեղ հոդվածներ, լուրեր և այլ նյութեր եմ տեղադրում:

Իբրև հայ՝ ցանկությունս է լրագրողական աշխատանքով օգտակար լինել Արցախին, նպաստել, որ Արցախն աշխարհի կողմից ճանաչվի և արցախցին խաղաղ պայմաններում՝ առանց պատերազմի ապրի:

Կարծում եմ՝ ՀՀ սփյուռքի նախարարությունը հիանալի նախաձեռնություն է սկսել՝ իրականացնելով "Դո՞ւ ինչ ես անում Արցախի համար" համահայկական շարժումը և 2017 թվականը Արցախի տարի հռչակելով:

Սա հիանալի առիթ է աշխարհասփյուռ հայերին միախմբելու Արցախին սատարելու խնդրի շուրջ: Ես նույնպես միանում են համահայկական շարժմանը, միաժամանակ ուղիներ որոնելով՝ իմ շրջապատում հնարավորինս տարածել այս ծրագիրը":

ԲԱՐՈՄԵՏՐ

 

19:59 Ապրիլ 21, 2017

Ամենաընթերցված նյութեր