ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ "Պատմում են Ցեղասպանությունը վերապրածների շառավիղները" խորագրով միջոցառումը

Ապրիլի 21-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ "Պատմում են Ցեղասպանությունը վերապրածների շառավիղները" խորագրով միջոցառումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական կայքը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես նշեց. "Սիրելի՛ հայրենակիցներ, 102 տարի առաջ Օսմանյան Թուրքիան իրականացրեց Հայոց ցեղասպանությունը: Մեր հայրենակիցներից շատերը տեղահանվեցին և բռնեցին գաղթի ճանապարհը: Բայց հայ ազգը ապրեց, արարեց և այսօր մենք ավելի քան 10 միլիոն ենք: Ցեղասպանությունը վերապրածների չորրորդ սերունդը՝ ծով դարձած հայ երիտասարդությունը, առանց վախի պահանջում է մեր Հայ Դատի արդարացի լուծումը":

Նախարարը հատուկ շնորհակալություն հայտնեց այն օտարազգի մտավորականներին, ովքեր գրում և տպագրում են գրքեր 1915թ. Հայոց ցեղասպանության մասին: "Նրանց մեջ կան նաև թուրքեր, ովքեր, երբ սկսում են ուսումնասիրել իրենց արմատները, հաճախ հայտնաբերում են հայկական ծագումը: Տարեցտարի ավելի ու ավելի մեծ թվով ծպտյալ հայեր են վերագտնում իրենց ինքնությունը: Մեր գերդաստանների պատմությունները՝ օգնում են մեզ վառ պահել անմեղ զոհերի հիշատակը", - ընդգծեց ՀՀ սփյուռքի նախարարը:

Ցեղասպանությունը վերապրածների շառավիղները ներկայացրին իրենց գերդաստանների պատմությունները: Գրող, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը, շնորհակալություն հայտնելով Սփյուռքի նախարարությանը իր ընտանիքի պատմությունը ներկայացնելու հնարավորության համար, պատմեց, թե ինչպես է մեծ մայրը Եփրատի ավազների վրա զավակներին սովորեցրել գրել "Ես հայ եմ" նախադասությունը՝ հետագայում, իրար կորցնելու դեպքում, ճանաչելու նպատակով:

Գրող Սոսի Գևոնյանը նշեց, որ իր մեծ հայրը ծնվել է Կեսարիայում, ինքը՝ Դամասկոսում, այնուհետև գաղթել են Բեյրութ, Իսպանիա, ԱՄՆ և վերջապես հիմա իր ընտանիքով տեղափոխվել է Հայրենիք: "Ես երջանիկ եմ, որ վերջապես հաստատվեցի իմ երազած դրախտավայր Հայաստանում", - հավելեց նա:

"Pomegranate music"-ի հիﬓադիր-տնօրեն Րաֆֆի Մենեշյանը, պատմելով իր մեծ հոր և մոր պատմությունը՝ շնորհակալություն հայտնեց նախարարին և նախարարությանը հայկական մշակույթի պահպանությանն ուղղված իր գործունեությունը բարձր գնահատելու և "Պողոս Նուբար" մեդալով պարգևատրելու համար:

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Ներսիսյանը խոսեց Մարաշից տեղահանված իր ընտանիքի մասին: Իսկ դասախոս Հրաչուհի Պողոսյանը ներկայացրեց իր գերդաստանի՝ Վասպուրականից գաղթելու պատմությունը և այդ մասին իր գրած՝ "Վասպուրականի գերդաստանի մը պատմությունը" գիրքը:

Հայոց ցեղասպանության մասին իրենց գերդաստանների հիշողությունները ներկայացրին նաև իրաքահայ հայրենադարձ Վարանդ Պետրոսյանը, պատմաբան, Անի Ֆիշենկչյանը և արգենտինահայ Լուիզա Հազարյանը: Նրանք հավաստիացրին, որ Ապրիլի 24-ը մեզ բոլորիս պետք է մտածելու առիթ տա՝ ինչ ենք անում 1,5 միլիոն զոհերի հիշատակը անմահ պահելու համար:

Նախարար Հրանուշ Հակոբյանը հանձնարարեց "Հայերն այսօր" պարբերականի խմբագրակազմին՝ բացել "Պատմիր քո պատմությունը" խորագրով պատուհան, որտեղ Ցեղասպանություն վերապրածների ժառանգները ոչ միայն հնարավորություն կունենան պատմել իրենց պատմությունները, այլև շփվել և ծանոթանալ միմյանց հետ:

"Թշնամուց մեր վրեժը այն կլինի, որ ապրենք ու արարենք, հզորացնենք մեր երկու հայկական պետությունները՝ Հայաստանն ու Արցախը", - ամփոփեց ՀՀ սփյուռքի նախարարը:

ԲԱՐՈՄԵՏՐ

 

19:52 Ապրիլ 21, 2017

Ամենաընթերցված նյութեր