Ինչպիսի եղանակ է սպասվում տոնական օրերին

Դեկտեմբերի 29-ին, 30-ին, 31-ին հանրապետությունում առանց տեղումների եղանակը պահպանվելու է: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

"Արարատյան դաշտում, Շիրակում, Կոտայքի հատվածում և Վայոց ձերի նախալեռնային գոտիներում, Արագածոտնի նախալեռնային գոտիներում կպահպանվի նաև մառախուղը, որը խիտ կլինի գիշերային և առավոտյան ժամերին, ինչի հետևանքով ճանապարհներին առաջանում է մերկասառույց",-ասաց նա:

Սուրենյանի խոսքով՝ օդի ջերմաստիճանն այս երեք օրերին էապես չի փոխվի:

"Ինչ վերաբերում է տոնական օրերին, ապա այդ ընթացքում միջերկրական ծովի շրջաններից շատ թույլ արտահայտված ցիկլոն է մոտենում: Դեկտեմբերի 31-ի գիշերը լույս հունվարի 1-ին հանրապետությունում սպասվում են թույլ տեղումներ, մասնավորապես, Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Երևանում, Արմավիրում, Վայոց ձորում: Տեղումները կշարունակվեն նաև հունվարի 1-ին և հունվարի 2-ին, կդադարեն միայն հունվարի 3-ին: Օդի ջերմային ֆոնը չի փոխվի հունվարի 3-ը ներառյալ",-ասաց Գագիկ Սուրենյանը:
Հունվարի 4-ից օդի ջերմաստիճանը փոքր-ինչ կնվազի` 3-4 աստիճանով:

Անդրադառնալով հունվար ամսվա կանխատեսմանը՝ Գագիկ Սուրենյանը նշեց, որ հունվարը դեկտեմբերի համեմատ ավելի տաք է լինելու: "Սակայն դա չի նշանակում, որ ջերմ գարնանային եղանակներ են սպասվում: Հունվարին նույնպես վայրիվերումները շատ մեծ են լինելու",-ասաց նա:

Նա հայտնեց, որ հունվարը տեղումնառատ է լինելու և տեղումների նորմայի սահմաններից ավելի է լինելու՝ ինչպես դեկտեմբերը, առավելագույն ջերմաստիճանը Երևանում կանխատեսվում է +4-+5 աստիճան:

ԲԱՐՈՄԵՏՐ

12:02 Դեկտեմբեր 29, 2016

Ամենաընթերցված նյութեր