"Չնկատելով դեպի գյուղ տանող ճամփան մոլորվել էինք". պատմում են Արցախյան ազատամարտին մասնակցած կանայք (Լուսանկար)

Արփինե Հարությունյանն ու Անահիտ Զաքարյանը միասին պայաքարել են հանուն երկրի ազատության: Նրանց ընկերությունը թրծվել է պատերազմի բովում, և ավելի արմատավորվել քսանհինգ տարիների ընթացքում: Պատերազմի գնալիս, երկուսի դեպքում էլ, ընտանիքի անդամները չեն ընդդիմացել, մարտիկներն ասում են, որ միևնույնն է, եթե ցանկանային գնալ, կարող էին շատերի պես թաքցնել և չասել, որ գնում են պատերազմելու:
Արփինե Հարությունյանն ասում է. "Ջոկատում ամենափոքրերը մենք էինք՝ Անահիտը քսանմեկ, իսկ ես տասնինը տարեկան: Վախ եղել է, պարզապես այն երբեք հետ չի կանգնեցրել մեզ, բայց հիմա երբ տարիներ անց նույն վայրերով անցնում ենք, սրտի թրթիռն ու վախը ավելի շատ են, քան այն ժամանակ": Անահիտ Զաքարյանն էլ փաստում է, որ հիմա դեպքերի մեծ մասը ժպիտով են հիշում, դա էլ իր բացատրությունն ունի՝ այդ դեպքերն արդեն անցյալ են:
"Պատերազմի դաշտում կանայք մեծ դեր են ունեցել: Կնոջ ներկայությունը լրացնում է մայրական գորովանքի պակասը, իսկ աղջիկների ներկայությունը ոգեշնչում ու գոտեպնդում է տղաներին",- ասում են նրանք:
Այս կանանց պատերազմական գործողություններին մասնակից լինելու մասին քչերն են տեղյակ, այդ մասին խոսել, պատմել չեն սիրում, պայքարել են իրենց երկրի և զավակների համար, Արփինեն ասում է, որ իր մարտական գործողություններին մասնակից լինելու մասին ընկերներն ու բարեկամներն իմացել են վերջերս, երբ սոցցանցերից մեկում հրապարակել էր մարտի դաշտում արված լուսանկար՝ ավտոմատը ձեռքին պահած:

Ըստ Արփինեի զինվոր լինելու զգացողությունը, մարտի դաշտում գտնվելու պատասխանատվությունն առկա են անկախ քո սեռից."1992 թվականի հուլիսի 29-ին Հոչազ գյուղի մատույցներում, անհավասար կռվում մենք 19 ընկեր կորցրինք, երկուսը մեր աղջիկներից էին` Ալվարդ Վարդանյանը և Աղավնի Տեր Ստեփանյանը: Շատ հանգիստ նրանց փոխարեն կարող էինք մենք լինել: Դրանից հետո մենք հասկացանք, որ չենք ընկրկելու, փոխարենը ավելի ենք առաջ գնալու",- ասում է նա:
Ամեն անգամ մարտական ընկերներով երբ հավաքվում են, անպայման հիշում են արդեն հեռավոր թվացող 1992թ.հուլիսի 13-ը: Երբ առավոտյան հրաման ստացան և 5 հոգով, որոնցից 3-ը աղջիկներ էին, ճանապարհվեն Սուս գյուղ, չնկատելով դեպի գյուղ տանող ճամփան, շարունակել են քայլել գլխավոր ճանապարհով ու մոլորվել: Քայլելով 8-9 ժամ մոտեցել են հակառակորդի դիրքերին: Իսկ հետո, երբ ընկերները գտել են իրենց, նրանց այլայլված դեմքերից պարզ է դարձել, որ իրենց կյանքը վտանգված է եղել: Հետո են իմացել, որ իրենք առաջիններն են եղել, որ հատել են անթույլատրելի սահմանը:
Ազատամրտիկ կանայք երկուսն էլ ունեն իրենց ըտանիքն ու զավակները: Արփինեի որդին նոր է զորացրվել հայկական բանակից, իսկ Անահիտի որդին անհամբերությամբ է սպասում այդ բաղձալի օրվան: Հիմա իրենց գլխով անցածը բնավ այլ ձևով են մեկնաբանում, իրար նայելով, առանց բառերի հասկանում են մեկը մյուսին: Հաճախ են վերհիշում, թե ինչպես են մասնակցել մարտական գործողություններին, և եթե, Աստված մի արասցե, կռիվը վերսկսվի իրենք էլ իրենց երեխաների հետ մասնակից կլինեն:

ԲԱՐՈՄԵՏՐ

19:19 Օգոստոս 25, 2015

Ամենաընթերցված նյութեր