Տոնական "բաթըլ"․ Սրբ․ Սարգիսն ընդդեմ Սրբ․ Վալենտինի

Նախորդ ակնարկներից մեկում մենք անդրադարձանք այն հարցին, թե ինչու են Հայաստանում նշվում օտար ծագում ունեցող տոները, և, մասնավորապես, այնպիսիք, որոնց "տեղական" համարժեքներն ունենք։ Այս ակնարկում էլ կանդրադառնանք նմանատիպ մեկ այլ խնդրի՝ կապված Սրբ․ Սարգսի և Սրբ․ Վալենտինի տոների հետ։

Ի տարբերություն Բարեկենդան-Հելոուին դեպքի, այս երկու տոներն ունեն ծագումնաբանական ու ծիսակարգային շատ ընդհանրություններ․ երկուսն էլ քրիստոնեական են, երկուսն էլ ուղղակիորեն կապված են սիրո հետ, երկուսն էլ ուրախ միջոցառումներ են նախատեսում։

Բայց եթե Սրբ․ Վալենտինի տոնն արևմտյան-կաթոլիկական է, ապա Սրբ․ Սարգսի տոնը նշում է Հայ առաքելական եկեղեցին, իսկ որոշ ձևափոխություններով՝ նաև արևելաքրիստոնեական մյուս եկեղեցիները։ Ավելին, ի տարբերություն Սրբ․ Վալենտինի, Սրբ․ Սարգսի տոնը մեզանում խորն ավանդույթներ ունի։ Դրա հետ է կապված նաև չամուսնացած երիտասարդների շրջանում այդքան սպասված ու սիրված "աղաբլիթի" սովորությունը։

Անգամ խորհրդային տարիներին Սրբ․ Սարգսի տոնը թեև պաշտոնապես չէր նշվում, այդուհանդերձ, դրա սովորութային առանձին տարրեր լավ պահպանվել էին գյուղական շրջաններում։ Անկախացումից հետո էլ, թեև երկար ժամանակ տոնը մեծ շուքով չէր նշվում, սակայն այդ սովորույթները կային։

Լավ, իսկ այս տոներից ո՞րն են առավել նախընտրում մեր համաքաղաքացիները։

Ինչպես տեսնում ենք, սիրահարների մեր՝ "տեղական" տոնին նախապատվություն տվողներն այս դեպքում էլ կազմում են բացարձակ մեծամասնությունը, սակայն նաև ակնհայտ է, որ Սրբ․ Վալենտինի տոնը հասցրել է արմատավորվել մեզանում, և քիչ չեն երկու տոներն էլ նշելու կողմնակիցները։

Այս դեպքում, սակայն, պետք է նկատենք, որ ՀԱԵ-ն կարողացել է մեծամասամբ վերականգնել Սրբ․ Սարգսի տոնակատարությունները, և ժողովրդականության վերականգնման լրացուցիչ ջանքերի արդյունքում, ամենայն հավանականությամբ, այն կկարողանա իր նախկին շուքը վերականգնել։ Այդ հարցում էլ պետք է պատկան մարմինները միջոցներ ձեռնարկեն և, ինչու՝ ոչ, այդ թվում՝ առևտրայնացման միջոցով, որպեսզի ժամանցի վայրերն ու ծառայության այլ ոլորտները ևս, թեկուզ իրենց շահի համար, նպաստեն տոնի ժողովրդականացմանը։

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:00 Մարտ 03, 2016

Ամենաընթերցված նյութեր