Քանի՞ օտար լեզու գիտեն հայերը

Հայերենով գրված առաջին նախադասությունը եղել է թարգմանություն՝ "Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ": Այս հանգամանքը ստիպում է հասկանալ, թե որքան կարևոր է եղել հայի համար օտար լեզվի իմացությունը: Ուզենք թե չուզենք՝ մեր միտքը միշտ ազդված է եղել այլ, մասնավորապես՝ եվրոպական մշակույթից: Դա է վկայում պատմության ընթացքում թեև ընդհատումներով, բայց գրեթե միշտ առկա թարգմանական ավանդույթի շարունակական գործընթացը: Ուրեմն, թերևս, դա է եղել պատճառը, որ հայերենում ձևավորվել է "քանի լեզու գիտես, այնքան մարդ ես" իմաստուն արտահայտությունը:

ԲԱՐՈՄԵՏՐԸ խնդիր էր դրել պարզել, թե այսօր որքանով է արդիական այդ արտահայտությունը, որքանով են մարդիկ հիշում դա:

Ուրախալի փաստ է, որ մինչ օրս հայերից շատերը կարևորում են օտար լեզվի իմացությունը: Քանզի երևի գիտակցում են, որ համաշխարհային անցուդարձերին կարելի է տեղեկանալ և համարվել 21-րդ դարի մարդ միայն աշխարհում տարածված լեզուների իմացությամբ: Հարցվողների 94.2%-ը համամիտ էր (մեծ մասը՝ լիովին, փոքր մասը՝ հիմնականում) այդ արտահայտության հետ:

Այնուհետև, ուրախությունը կրկնապատկելու և ազգային հպարտությունը խորացնելու համար նպատակ դրվեց պարզել, թե քանի՞ օտար լեզու գիտեն այդ իմացությունն այդչափ կարևորող հայերը:

Ափսո՜ս, որ կարճ տևեց ուրախությունը: Գուցե իզո՞ւր արվեց հարցումը:

Հարցվողները մեծ մասը՝ 44%, տիրապետում էր 2 օտար լեզվի, 38.6%-ը՝ 1 օտար լեզվի: Այստեղ պետք է հիշել Սովետական Միության փլուզման լավ կողմերից ևս մեկը. ռուսերենն արդեն օտար լեզու է համարվում: Այս իմաստով ավագ սերունդը մի լեզվի հարցը ինքըստինքյան "լուծել է": 13.3%-ը տիրապետում է 3 օտար լեզվի: Հարցման արդյունքների ամենադրական կողմն այն է, որ կա թեկուզև չնչին հատված, որը գիտի 4 և ավելի օտար լեզու:

Մի կողմից՝ իմաստուն ասացվածքի այդչափ կարևորում, մյուս կողմից՝ այդքան քիչ օտար լեզուների իմացություն: Ուրեմն՝ ինչքա՜ն քիչ մարդ ենք մենք:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

 

 

11:05 Փետրվար 26, 2016

Ամենաընթերցված նյութեր