Հայտնի անհայտ Ավետ Տերտերյանը

Բոլորովին վերջերս՝ մի քանի ամիս առաջ, հայերի տանը կռիվ էր ընկել. մի երիտասարդի ժողովրդական արտիստի կոչում էին շնորհել (որի տեսահոլովակներից որոշները տասը միլիոնից ավել դիտում են հավաքել, բայց դա ի միջի այլոց): Մարդկանց մի մասն ընդվզում էր, բողոքում, բոյկոտում, գործադուլ անում, հացադուլ անում և այլն: Ինչո՞ւ: Դա հիշեցնում է մի անեկդոտ: Մեկը ծեծում է իր կնոջը: Հարցնում են՝ ո՞րն է պատճառը, որ ծեծում ես: Պատասխանում է, թե որ պատճառ լիներ, կսպանեի: Բայց մենք, ամեն դեպքում, փորձենք գտնել նման վարքի պատճառը:

Առաջին պատասխանը, որ ծագեց, այն է, որ ընդվզողների դասական և ակադեմիական արվեստի կրողներ են, ուստի տանել չեն կարողանում փոփ մշակույթը:

Ի դեմս բարձր արվեստի ներկայացուցիչների՝ որոշեցինք վերհիշել կոմպոզիտոր Ավետ Տերտերյանին և պարզել, թե արդյոք նա հարկ եղած դեպքում հավուր պատշաճի պաշտպանության կարժանանա՞ այդ նույն մարդկանց կողմից: Չէ որ նա ութ սիմֆոնիաների, երկու օպերաների, բալետի և այլ կամերային ու վոկալ ստեղծագործությունների հեղինակ է, Գերմանիայում և Ռուսաստանում նրա երաժշտությունը մեծ լսարաններ է հավաքում, Եկատերինբուրգում նրա անունով փողոց են անվանակոչում: Եվ որ շատ կարևոր է՝ որոշ ստեղծագործություններ հայտնի շլյագերներ են դարձել. բազմաթիվ հեռուստա և ռադիոհաղորդումներ ձևավորվել են նրա երաժշտությամբ, հատկապես՝ 3-րդ սիմֆոնիայից վերցված հատվածներով: Ուրեմն վստահաբար նա կլինի հայ "արվեստասեր" հասարակության սիրելին: Ուրեմն, ի թիվս այլ հանգամանքների, նրա հանդեպ սերն է, որ մարդիկ չեն կարողանում հանդուրժել ցածր, ոչ ինտելեկտուալ արվեստը:

Այնուամենայնիվ, քանի որ սիրո առաջին նախապայմաններից մեկը սիրելիին ճանաչելն է, առնվազն իմանալը, որ նա կա, ԲԱՐՈՄԵՏՐԸ խնդիր դրեց պարզել, թե որքանով են երևանցիները ծանոթ Ավետ Տերտերյանի արվեստին:

Եվ, ո՜վ զարմանք: Մարդիկ կան, ովքեր ծանոթ չեն Տերտերյանին: Ավելին, հարցվողների 31.4%-ն է ընդամենը ծանոթ նրա ստեղծագործություններին, իսկ 68.6%-ը՝ ոչ: YouTube-ում նրա գրեթե բոլոր գործերը կան, իսկ այնտեղ ինչպե՞ս է վիճակը. 6-րդ՝ ամենասիրված սիմֆոնիան տասը հազար հոգի են լսել (բացե՞լ): Տասը հազարը տասը միլիոնի դեմ (բայց սա էլ ի միջի այլոց, որովհետև քանակական չափումները լուրջ չեն արվեստում): Այդ դեպքում ինչո՞ւ էր համաժողովրդական բողոքի ալիք բարձրացել: Իսկապես, ինչի՞ համար…

 

ԲԱՐՈՄԵՏՐ

16:33 Փետրվար 18, 2016

Ամենաընթերցված նյութեր