Ժամանակակից հայ գրողների "աղանդը" և ընթերցողների ուղղադավան համայնքը

Ասում են, թե մի կին պատգամավոր ամուսնուն սիրուհի ունենալու մեջ է մեղադրում այն բանից հետո, երբ իմանում է, որ ամուսինը ընտրություններին ոչ թե երկու, այլ երեք ձայն է հավաքել: Որոշ արդի հայ գրողներ վախից գիրքը չեն հանում վաճառքի, որոշ խիզախներ հպարտորեն դիմակայում են սիրուհի (կամ սիրեկան) ունենալու մեղադրանքներին: Ո՞րն է պատճառը, որ մերօրյա հայ գրողները լսելի չեն:

Եթե մի փոքր խորաթափանց հայացքով նայենք մեր իրականությանը, ստիպված կլինենք փաստել, որ հայ գրողն ունի ինքնագիտակցության չափազանց բարձր մակարդակ, ուղղակի հասկանալ է պետք, որ նրա կրթվածությունն ու դիրքորոշումն առավելապես արևելյան է: Նախ, արևելյան աշխարհայացքին է բնորոշ կյանքի հանդեպ անխռով կեցվածք ընդունելը և մտահոգված լինելը՝ փոխել ոչ թե արտաքին իրականությունը, այլ ինքն քեզ: Ահա սա է, թերևս, հիմնական պատճառը, որ մեր գրողներից շատերին չգիտենք: Նրանք խորասուզված են իրենք իրենց մեջ, ստեղծել են գաղտնուսական յուրօրինակ "աղանդ" և այնտեղից դուրս կգան միայն այն ժամանակ, երբ մարդկային գենոֆոնդը կսպառի իրեն կամ էլ երբ ցորենի հատիկը ընկույզի չափ դառնա:
Իսկ եթե ավելի լուրջ, ապա երկակի պարադոքսալ իրավիճակ է նկատվում այս ոլորտում: Նախ, մի կողմից, գրողը պետական հովանավորություն է պահանջում "մտավորական դառնալու", այսինքն` ազգային ճակատագրին վերաբերող հարցերին հետևողականորեն անդրադառնալու համար, մյուս կողմից` պետությունն իր հովանին ուզում է տարածել նրա վրա, ով հանուն ազգի գործ է արել: Այսպես տարիներով կատաղի պայքար և ոչ մի փոխզիջում: Բայց այս պայքարի բովում հետաքրքրական է հետևյալ փաստը. հետզհետե ավելանում են Գրողների միության անդամները (այսօր այն շուրջ 400 անդամ ունի), շատանում են հրատարակվող գրքերը (տարեկան լույս է տեսնում շուրջ 2500 անուն գիրք, այսինքն` օրական միջինը 6-7 նոր գիրք): Փաստորեն, կարելի է հուսալ, որ ինչպես Սպարտայում բոլորը զինվոր էին, Հայաստանում կգա մի օր, որ բոլորը գրող կլինեն: Այսօրինակ ուշագրավ փաստը մտորումների տեղիք է տալիս. եթե գրականության "մարտիկ" լինելը եկամտաբեր չէ, ինչպե՞ս է որ այդ բնագավառում "կամավորների" բանակը օրըստօրե համալրվում է: Հազիվ թե դա բացատրվի գրականության` հեղինակաբեր լինելու հանգամանքով…

Այնուհետև՝ ընթերցողների հետ հարաբերության առումով գերարդի գրողները հետամնաց են համարում իրենց ստեղծագործությունները սպառողին: Իսկ ընթերցողներն իրենց հերթին գրողների ինքնաբավությանն ու անխռովությանը պատասխանում են նույնպիսի արհամարհանքով, վարձու մարդասպանին բնորոշ սառնասրտությամբ: Գրողի ապաշխարելու ճանապարհը մեկն է՝ մեռնել: Դրանից հետո միայն ընդունելությունը կլինի ջերմ: Վկան՝ Լևոն Խեչոյանը: Արդեն սկսել են կարդալ նրան:

ԲԱՐՈՄԵՏՐԸ, այնուամենայնիվ, նպատակ էր դրել վեր կանգնել զգացմունքային պատկերացումներից և հարցում անցկացնել, թե որքանով են երևանցիները հետաքրքրվում ժամանակակից հայ գրականությամբ: Եվ ահա պատկերը:

Հարցվողների ընդամենը 4.8%-ն է պատասխանել, որ շատ է հետաքրքրված այդ գրականությամբ: Գուցե սրանք հենց գրողների տան անդամնե՞րն են. ո՜վ գիտե: 11.9%-ը հիմնականում հետաքրքրվում է: Վստահ ենք, որ այս մարդկանց արդի հայ գրականության էրոտիկ բնույթը չէ, որ ստիպում է հետաքրքրվել: 19.8%-ը հիմնականում չի հետաքրքրվում ժամանակակից հայ գրականությամբ, իսկ 63.5%-ը ընդհանրապես չի հետաքրքրվում: Գուցե չի՞ ճանաչում գրողներին կամ սպասում է նրանց մահվա՞նը…

Ինչևէ, ուժ ու իմաստնություն մաղթենք հայ գրողներին և համբերություն ու խոհեմություն՝ ընթերցողներին:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

12:54 Փետրվար 12, 2016

Ամենաընթերցված նյութեր