Մաքո՞ւր է արդյոք մայրաքաղաք Երևանը

2015թ. ընթացքում կարծես թե մայրաքաղաք Երևանի մաքրության հարցը քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում էր: Նախանցյալ տարվանից Սանիթեք ընկերությունը Երևանի որոշ համայնքներում իրականացնում էր աղբահանության ծառայությունների մատուցման աշխատանքները, իսկ 2015 թվականի տարեվերջից ընկերությունը սկսեց աղբահանություն իրականացնել արդեն ամբողջ Երևան քաղաքում: Ներդրումային այս ծրագրի շրջանակում մայրաքաղաքում պետք է, որ իրականացվի եվրոպական չափորոշիչներին համապատասխան սպասարկում, որը մենք "նկատեցինք" ամանորյա տոներին, երբ կերակրվելու գայթակղությունը հաղթեց "Ավելի մաքուր Երևան" ունենալուն: Բարեբախտաբար, եղանակն ավելի գթասիրտ գտնվեց և մաքրեց քաղաքը ձյան շերտից:

ԲԱՐՈՄԵՏՐԻ կողմից նախորդ տարվա կեսերին երևանցիների շրջանում անցկացված հարցման տվյալներով հարցվողների 47.6%-ը գոհ էին Երևան քաղաքի մաքրությունից, 52.4 %-ը` դժգոհ: Ըստ այդմ, քաղաքի մաքրությունը գնահատվել էր մոտ 50-50, ինչը համեմատելով նախկին տարիների հետ հնարավոր է ինչ որ չափով հուսադրող էր, սակայն տարեվերջին իրականացված հետազոտությունը փոխեց Երևան քաղաքի մաքրության վերաբերյալ հասարակական կարծիքի պատկերը: Հարցված երևանցիների 27.8%-ն է գերազանց և լավ գնահատել Երևան քաղաքի մաքրությունը, 46.4%-ը գնահատել է բավարար, իսկ 25.8%-ը` անբավարար: Եթե այս ամենին էլ ավելացնենք ամանորյա անգործությունը, ապա մեր համաքաղաքացիների կարծիքով Երևանի մաքրության վիճակը հեռու է լավը համարվելուց: Հույս հայտնենք, որ մայրաքաղաքի կառավարիչները համապատասխան հետևություններ կկատարեն, իսկ յուրաքանչյուր երևանցի իր հերթին կնպաստի և կօգնի, որ ունենանք էլ ավելի մաքուր Երևան:

Հավելենք նաև, որ որ ավելի մաքուր Երևան ունենալու համար ոչ միայն անհրաժեշտ է պատշաճ կերպով աղբահանություն կազմակերպել, այլ նախևառաջ պետք է ունենալ ավելի կանաչ Երևան, նաև` աղբի վերամշակման համակարգ, գերազանց գործող հասարակական տրանսպորտի համակարգ և այլն:

Գնահատե՛ք 5 բալ. սանդղակով` որքանո՞վ եք գոհ Երևան քաղաքի մաքրությունից (1` ամենացածր գնահատական, 5` ամենաբարձր)

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:19 Փետրվար 10, 2016

Ամենաընթերցված նյութեր