Տոնական "բաթըլ"․ Բարեկենդանն ընդդեմ Հելոուինի

Նախորդ ակնարկներում մենք անդրադարձանք օտար ծագում ունեցող Հելուոինի և "տեղական" ծագում ունեցող Բարեկենդանի մասին հանրային իրազեկվածությանը՝ ցավով արձանագրելով, որ Հելոուինի մասին ճիշտ տեղեկացված երևանցիներն ավելի շատ են, քան Բարեկենդանի մասին տեղեկացվածները։

Մենք փորձեցինք պարզել նաև, թե այդ երկուսից ո՛րն է առավել մեծ ժողովրդականություն վայելում։ Այդ նպատակով, մեր համաքաղաքացիներին հարցրեցինք՝ ո՞ր տոնը կուզեին Հայաստանում նշվեր (տե՛ս Գրաֆիկը)։

Գրաֆիկից երևում է, որ Բարեկենդանի մեկնարկային պայմաններն ավելի լավն են․ հարցվածների գրեթե 70%-ը նախապատվությունը տալիս է հայկական տոնին։ Քիչ չեն նաև և՛ Բարեկենդանը, և՛ Հելուուինը նշելու կողմնակիցները։ Զարմանալի է, որ երևանցիների 16%-ն էլ գտնում է, որ այդ տոներից ոչ մեկն էլ պետք չի նշել (ա՛յ քեզ մռայլ մարդիկ)։

Սակայն նկատենք, որ հետանկախացման շրջանում Բարեկենդանը երբևէ ժողովրդական մասշտաբով չի նշվել։ Որպես եկեղեցական շարժական տոն՝ այն պարտադիր նշվում է միայն Հայ առաքելական եկեղեցու կողմից, այսինքն՝ առանց ժողովրդական տոնախմբությունների, խաղերի, խնջույքների։ Փոխարենը, տարեցտարի ավելանում է Հելուոինը նշող երիտասարդների թիվը։ Օտար այդ տոնի ժողովրդականացմանը նպաստում են նաև ժամանցային և առևտրի վայրերը, որոնցից առաջինները գրավիչ պայմաններ են առաջարկում Հելոուինի երեկոն իրենց մոտ նշելու, իսկ երկրորդները՝ այդ տոնի համար նախատեսված հատուկ հագուստի ու այլ ատրիբուտների լայն տեսականի ձեռք բերելու համար։ Այսինքն՝ Հելոուինն, ի տարբերություն Բարեկենդանի, լավ գովազդվում և առևտրայնացվում է։

Ստիպված ենք մշակութային քաղաքականության համար պատասխանատու մարմինների և պաշտոնյաների հասցեին հնչող քննադատություններին ավելացնել նաև մերը՝ ձեռնարկեք միջոցներ՝ Բարեկենդանը "մրցունակ" և ժողովրդականություն վայելող տոն դարձնելու ուղղությամբ։ Եվ, ինչպես նկատել էինք Նավասարդի տոնի կապակցությամբ, տոնի ճիշտ առևտրայնացումը ոչ միայն կնպաստի դրա պահպանմանը, այլ նաև կդառնա գումար վաստակելու միջոց։

 

ԲԱՐՈՄԵՏՐ

12:06 Փետրվար 09, 2016

Ամենաընթերցված նյութեր