Հայկական մոռացված տոներ. Բարեկենդան

Մի առիթով մենք արդեն ցավով անդրադարձել էին հին հայկական մոռացված տոների խնդրին՝ օրինակ բերելով Նավասարդը։ Բայց դա, ինչպես գիտենք, հայկական գունեղ տոնացույցի միակ մոռացված տոնը չէ։ Այդպիսի տոներից է նաև Բարեկենդանը։ Վերջինիս յուրահատկությունն այն է, որ այս տոնը պահպանվել և նշվում է Հայ առաքելական եկեղեցու տոնացույցում, սակայն կորցրել է իր ժողովրդական շուքը․ նախաքրիստոնեական ծագում ունեցող այս վառվռուն և ուրախ տոնն այլևս չի նշվում ժողովրդի կողմից։ Փոխարենը, ինչպես նշեցինք նախորդ ակնարկում, Հայաստան են ներթափանցել օտար ծագում ունեցող տոներ, օրինակ՝ Հելոուինը։

Հետաքրքիր է՝ իսկ մեր համաքաղաքացիները գոնե տեղյա՞կ են, թե ինչ է Բարեկենդանը

Ինչպես երևում է գրաֆիկից, թեև հարցվածների մեծամասնությունը գիտի, որ դա տոն է, բայց, հետաքրքրական է, մի 20%-ն էլ կարծում է, որ Բարեկենդանն ինչ-որ հեքիաթային, առասպելական արարած է (թերևս, թյուրիմացության պատճառը կա՛մ Հ․ Թումանյանի համանուն հեքիաթն է, կա՛մ էլ տոնի անվանման նմանությունը "կենդանի" բառի հետ)։

Կարծես՝ մտահոգիչ առանձնապես ոչինչ չկա։ Բայց երբ համեմատում ենք աս հարցման տվյալները Հելոուինի մասին հարցման տվյալների հետ, նկատում ենք, որ, փաստորեն, օտար այդ տոնի մասին մեր համաքաղաքացիներն ավելի տեղեկացված են, քան մեր՝ հայկական Բարեկենդանի մասին։

Իսկ ի՞նչ գիտենք Բարեկենդանի մասին։ Թե ինչպես էին նշում մեր նախնիներն այդ տոնը նախաքրիստոնեական շրջանում, հայտնի չէ, սակայն հուսալի տեղեկություններ կան, թե ինչպես էր այն նշվում ոչ վաղ անցյալում։ Ավելին, հայտնի է, որ Բարեկենդանը ոչ միայն ուրախ, ճոխ, խնջույքային, հատուկ երգուպարով, խաղերով ու դիմակահանդեսով ուղեկցվող տոն է եղել, այլ նաև այն այնքան սիրված է եղել, որ ժողովուրդն այն անվանել է "հայոց ազգային օրեր"*։

Ինչո՞ւ չվերականգնենք այս հիրավի գեղեցիկ տոնը նշելու ժողովրդական սովորույթը, հանենք այն նաև եկեղեցու պատերից դուրս։ "Կդիմանա" այն Հելոուինի նման տոների հետ կեղծ մրցակցությանը։ Ո՞րն ավելի ժողովրդականություն կարող է վայելել՝ հայկական Բարեկենդանը՞, թե՞ օտարածին Հելոուինը։

 

ԲԱՐՈՄԵՏՐ

* Տոնի մասին մանրամասը տե՛ս Խառատյան-Առաքելյան Հ․, Հայ ժողովրդական տոները։ -Եր․․։ "Զանգակ-97", 2005, էջեր 76-110

12:00 Փետրվար 06, 2016

Ամենաընթերցված նյութեր