Մշակութային վակուո՞ւմ, թե՞ վակուումի մշակույթ

Արդեն վաղուց լեզվական համաճարակ են դարձել մեր թերարժեքությունն արտահայտող նախադասությունները` "Երկիրս երկիր չի", "Էս ժողովուրդը չի հասկանում, որ …"  և այլն: Իսկապես, հասարակությունից սեփական անձն առանձնացնելու և մնացած ժողովրդին ողջախոհության դիրքերից "քարկոծելու" երևույթը վաղուց արդեն տխուր իրողություն է մեր իրականության մեջ և դադարել է նորություն լինել: Իսկ ամեն դժբախտություն, ինչպես ժամանակին նախազգուշացնում էր Սվիֆտը, սկսվում է բառերի սխալ գործածումից:

Բողոքների ստվար զանգված բաժին է ընկնում արդի հայ մշակույթին. ընդ որում՝ հաճախ սերիալները անգիր իմացողները բողոքում են, որ հեռուստատեսությամբ սերիալներ են ցուցադրում, փոփ երաժշտությունը որպես աղոթք ընդունողները ընդվզում են ինչ-որ ռաբիս երգչի ժողովրդական կոչում շնորհելու դեմ, "իրենց գյուղի կովի մասին" պատմվածքների վրա ողբացողները դժգոհ են այսօրվա գրական կյանքից և այդպես շարունակ: Մինչդեռ շատերը չգիտես ինչու մոռանում կամ չեն նկատում, որ իրենց կողքին ապրել կամ ապրում ու գործում են համաշխարհային փառք վայելով մտավորականներ՝ Լևոն Խեչոյան, Տիգրան Մանսուրյան, Աշոտ Զոհրաբյան և այլք: Ի դեպ, հիշեցման կամ նորության կարգով՝ հարևան երկրներից Հայաստան ժամանած շատ մարդիկ նախանձով են նայում մեզ մոտ առկա մշակութային կյանքին. ամենամյա երաժշտական փառատոններ, Ոսկե ծիրան, մշտական և անընդհատ թարմացվող ցուցահանդեսներ, գրքերի (մասնավորապես՝ թարգմանական) շնորհանդեսներ… ով փնտրում է, նա կգտնի:

ԲԱՐՈՄԵՏՐԸ խնդիր էր դրել պարզել, թե հայաստանցիներն ինչպես են գնահատում մշակութային կյանքը Հայաստանում:

Հարցվողների 10.6%-ը հակված է մտածել, որ մշակութային կյանքը շատ հագեցած է Հայաստանում: Սրանք թերևս այն մարդիկ են, ովքեր անմասն չեն մնում Երևանում տեղի ունեցող մշակութային իրադարձություններից և նաև դրանով իսկ արդեն կրողն են մշակույթի: 44.2%-ը մշակութային կյանքը որակում է հիմնականում հագեցած: Այս ցուցանիշը վառ վկայությունն է այն բանի, որ հայաստանցիների մեջ կա մի ստվար զանգված, որն իսկապես չի մնում մշակութային վակուումում և ապրում է մշակույթով: 34.6%-ը հիմնականում ոչ հագեցած է համարում մշակութային կյանքը: Այս դիրքորոշումն ունեցողները երևի թե չափազանց շատ ազատ ժամանակ ունեցող մարդիկ են, ովքեր, մասնակից դառնալով հայաստանյան մշակութային ողջ անցուդարձին, չբավարարված են մնում և ուզում են հարատև դարձնել մշակույթի հետ իրենց "ամուսնությունը": Եվ վերջապես 10.6%-ի կարծիքով՝ մշակութային կյանքն ընդհանրապես հագեցած չէ Հայաստանում: Այս դիրքորոշումը ենթադրել է տալիս, որ մեր իրականության մեջ կան վակուումի մշակույթի կրողներ, որոնք ոչինչ չեն նկատում իրենցից բացի, և հետևաբար՝ գուցե դա՞ է պատճառը, որ նրանցից շատերը հաճախ հեղինակում են "Երկիրս երկիր չի" և նմանօրինակ այլ արտահայտություններ …

 

ԲԱՐՈՄԵՏՐ

22:01 Փետրվար 03, 2016

Ամենաընթերցված նյութեր