"Մգեցված" օրենքներ "մթագնած" ապակիների մասին

2015 թվականի դեկտեմբերին վերջապես ուժի մեջ մտավ ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի վերգետնյա տրանսպորտային միջոցներում օգտագործվող անվտանգ ապակիների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին N 289-Ն որոշումը, ըստ որի տրանսպորտային միջոցների առջևի հողմապակու և առջևի դռների թաղանթներն ընդհանրապես պետք է ապամոնտաժել (հեռացնել), այլապես ճանապարհային ոստիկանությունն ստիպված կլինի կիրառել օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ: Փաստորեն, նորից տուժողները վարորդներն են, քանի որ ինչքան գումար տվել են ապակին մգեցնելու համար, այսօր այդքան էլ կվճարեն հեռացնելու համար: Փաստորեն կառավարության որոշման մասին հիշում են այն ժամանակ, երբ շատանում են վթարները: Պարզապես պետք էր ժամանակին հետևել ՀՀ կառավարության որոշման պահանջներին, և թույլ չտալ, որ մգեցվեին ապակիները, որ հիմա էլ դա չհամարվեր խախտում: Վստահ լինելով, որ տրանսպորտային միջոցների սեփականատերերին պատճառված վնասը ոչ մի կերպ չի փոխհատուցվելու, գոնե պետք է բավարարվել և արժանին մատուցել ճանապարհային ոստիկանությանը՝ դիմապակու թաղանթը հեռացնելու աշխատանքը եզակի ճիշտ կազմակերպելու համար: Բազմաթիվ նախազգուշացումներից և օրենսդրական փոփոխությունից հետո 2016 թ. հունվարի 18-ից Ճանապարհային ոստիկանությունն սկսել է տրանսպորտային միջոցի առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում վարելու դեպքերը հայտնաբերելու և վարչական ներգործության միջոցներ կիրառելու ուղղությամբ միջոցառումների իրականացումը:Նշենք նաև, վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում տրանսպորտային միջոցները վարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի (30.000 դրամի) չափով:

ԲԱՐՈՄԵՏՐ հետազոտական ընկերությունը հետազոտություն է անցկացրել Երևան քաղաքում՝ պարզելու համար թե ինչպե՞ս են վերաբերվում մեր համաքաղաքացիները ավտոմեքենաների ապակիների մգության աստիճանի հետ կապված տույժեր/տուգանքներ սահմանելուն: Հարցվածների 56.7%-ը դրական է վերաբերվում տրանսպորտային միջոցները մգեցված ապակիներով շահագործելու դեպքում տույժեր/տուգանքներ սահմանելուն, իսկ 42%-ը` բացասական: Քանի որ տոկոսային հարաբերության տարբերությունն այնքան էլ մեծ չէ, հույս հայտնենք, որ այս դեպքում օրենքը կվերաբերվի յուրաքանչյուր քաղաքացու, քանի որ այն ավելի անվտանգ կդարձնի երթևեկությունը:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:03 Հունվար 25, 2016

Ամենաընթերցված նյութեր