Թվային հեռուստատեսությունը երևանցիների 50%-ին առայժմ հասանելի չէ

Հեռուստատեսության թվայնացման տարբեր փուլերում ԲԱՐՈՄԵՏՐԸ բազմիցս է անդրադարձել անալոգիականից թվայինի անցման հետ կապված բազմաթիվ խնդիրների: Վերջապես 2016 թվականի տարեսկզբին ՀՀ ողջ տարածքում սկսեց գործել թվային հեռարձակումը: Սկզբնական ժամանակահատվածում անալոգային և թվայնացված հեռուստատեսությունները գործում են իրար զուգահեռ, այնպես որ ՀՀ քաղաքացիները բավականաչափ ժամանակ ունեն համապատասխան սարք ձեռք բերելու համար, իսկ անապահովները արդեն իսկ պետք է դիմեն ՏԻՄ-երին՝ թվային հեռարձակման սարքը պետությունից անվճար ստանալու համար: Նշենք նաև, որ ՀՀ կառավարությունն անվճար թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր կտրամադրի 48 հազար 733 ընտանիքի: Թվային հեռուստատեսությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ DVB-T2 ձևաչափի ազդանշան ընդունող հեռուստացույց: Հենց DVB-T2-ն է (Digital Video Broadcasting - Second Generation Terrestrial) այն ձևաչափը, որն ընդունվել է Հայաստանում թվային հեռարձակման համար: Նոր սերնդի հեռուստացույցները սովորաբար ունեն DVB-T2 ձևաչափի հեռարձակման ընդունիչ: Եթե հեռուստացույցը չունի նման ընդունիչ, ապա հարկ կլինի կա՛մ փոխել այն, կա՛մ էլ գնել դեկոդեր, որը թվային ազդանշանը կդարձնի անալոգային: Միանշանակ է, որ թվային հեռարձակումը շատ ավելի պրոգրեսիվ տեխնոլոգիա է,որը շատ ավելի որակյալ պատկեր է ապահովում և հեռուստադիտողի ընտրության հնարավորությունն է ընդլայնում: Ինչպես նշում է ոլորտի փորձագետներից մեկը ԲԱՐՈՄԵՏՐԻ հետ զրույցում, "… թվային հեռարձակման անցնելը ավելի կարևոր է, դա մեր երկրի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում է: Եթե մենք չանցնենք թվային հեռարձակման, ապա առնվազն երկու լուրջ խնդիր կունենանք` նախ մեզ տրված հաճախականությունների մի մասը կարող է անցնել հարևան երկրներին, բացի դա, կարող ենք խանգարել հարևան երկրներին և հակառակը: Օրինակ, Թուրքիայի սահմանին մոտ գտնվելով, տեսնում ենք, որ մեր մեքենայի ռադիոալիքը հաճախ խառնվում է թուրքականի հետ կամ շատ ժամանակ, երբ մենք փնտրում ենք որևէ հեռուստաալիք, ընկնում ենք թուրքականի վրա: Թվայնացումը լուծում է այս խնդիրը` ավելի հստակեցնելով ու տարանջատելով դրանք…":
Հեռուստահեռարձակման թվայնացման գործընթացին ընդառաջ ԲԱՐՈՄԵՏԵՐԸ պարզել է թե, ունե՞ն արդյոք թվային հեռուստաընդունիչ մեր համաքաղաքացիները:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ հարցված երևանցիների 50.9%-ը չունի համապատասխան հեռուստաընդունիչ թվային հեռուստաեթերին հետևելու համար, ինչը հուշում է, որ ՀՀ մարզերում ավելի բարդ իրավիճակ է: Հույս հայտնենք, որ թվայնացման արդյունքում ազդանշանը հասանելի կլինի յուրաքանչյուր ընտանիքի:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

 

10:00 Հունվար 22, 2016

Ամենաընթերցված նյութեր