"Դե ո՞վ կա՝ մենք ենք, Գերմանիան, Թուրքիան, Ամերիկան, Ֆրանսիան…"

Ամեն երկիր համաշխարհային պատմությանը կամ աշխարհի քարտեզին նայում է իր ժողովրդի աչքերով, ասել է թե՝ հայտնիության սանդղակի գագաթին երևակայում է իրեն: Սակայն կա մի հատկություն (կամ գուցե արժե որակել բարդո՞ւյթ), որը բնորոշ է թերևս մի շարք ժողովուրդների, բայց որ ամենակարևորն է՝ շատ հայերի: Դա աշխարհին օլիմպոսյան իմաստնության բարձունքից նայելու հատկությունն է, աշխարհը ամեն օր վերաձևելու և նոր աշխարհակարգ հիմնելու հատկությունը: Ընդ որում՝ սկզբունքը հստակ է. Եվրոպան կանացի է ու այլասերված, իսկ Ասիան՝ հետամնաց ու փնթի, Աֆրիկան՝ վայրենի, Ավստրալիան՝ հիբրիդ, իսկ Բրազիլիայում … աղջիկներն են սիրուն:
Այնուամենայնիվ, որպես կանոն մեծ է լինում այդ "աշխարհահռչակ երկրի զավակների" զարմանքը, երբ նկատում են կամ, ավելի ճիշտ, չեն նկատում մյուս երկրների ժողովուրդների խոնարհումը իրենց առաջ: Զարմանքը հսկայական չափերի է հասնում, երբ ստիպված են լինում բացատրել, թե որտեղ է Հայաստանը, նույն ինքը՝ Արմենիան, և թե ինչով է այն տարբերվում, ասենք, Ալբանիայից: Ճիշտ է, իրավիճակը դեռևս կարելի է փրկել՝ Հայաստանը չիմացողներին համարելով անկիրթ ու անգրագետ, իզուր կենսատարածք զբաղեցնող, անիմաստ ապրող և այլն: Բայց երևի արժե մի պահ կանգ առնել և հարց տալ, թե ինչու է այդպես: Գուցե աշխարհի խոշոր ու մանր երկրների բանն ու գործը քննելը կոլորիտային տեսք է ստանում աշխարհից կտրված ու ասել-խոսելով հանգիստ փնտրող գյուղացու շուրթերին, բայց նույնիսկ ոչ այնքան ծիծաղելի, որքան ողբերգական է դառնում "կոստյումով" և "լուրջ դեմքով" այն հարցի քննարկումը, թե "ովքեր են աշխարհում կարևոր՝ ավստրիացինե՞րը, չեխե՞րը, թե՞ ամերիկացիները": Կամ թե՝ "որտե՞ղ է գտնվում Հալեպը. Լեհաստանում՝ Լոձի կողքի՞ն, թե՞ Արաբստանում": Եվ ուրեմն, աշխարհի մասին արհամարհանքով խոսելուց առաջ հարկ է ինքդ քեզ (քո երկիրը) գիտակցել աշխարհի համատեքստում, հասկանալ քո հեղինակության չափը աշխարհում:

ԲԱՐՈՄԵՏՐԸ խնդիր էր դրել՝ պարզել, թե ըստ երևանիցիների՝ որքանով է Հայաստանը հայտնի աշխարհում:

Հարցման արդյունքները բաշխվել են շատ հետաքրքիր ձևով: Հարցվողների կեսից ավելին համաձայն է այն դատողության հետ, որ "Հայաստանը բավարար չափով հայտնի է աշխարհում", ընդ որում՝ 17.4%-ը՝ համաձայն է անվերապահ, իսկ 39.6%-ը՝ ընդհանուր առմամբ: Այս դիրքորոշումը առավել հասկանալի է դառնում, երբ հիշում ենք Քիմ Քարդաշյանի՝ վերջերս տեղի ունեցած այցը Հայաստան. չէ՞ որ երևի բոլորը գիտեն նրան, հետևաբար՝ Հայաստանը: Բայց թերևս արժե հիշել, որ նրանից բացի կան սեփական երկրի հեղինակության բարձրացմանը նպաստող այլ (թեև աշխարհում պակաս հայտնի) անձինք՝ Արամ Խաչատրյան, Շառլ Ազնավուր, Հովհաննես Թումանյան և այլք:

22.2%-ը թերահավատորեն է նայում այդ դատողության ճշմարտացիությանը՝ գուցե հիշելով ստվերում մնացած մի շարք մեծանուն հայերի: Եվ միայն 20.8%-ն է, որ ընդհանրապես համամիտ չէ այդ ձևակերպված դատողությանը: Այդ անհամաձայնությունը կարող է լինել երկու տարբեր պատճառներով. կա՛մ աշխարհի անցուդարձը չիմանալու, կա՛մ Հայաստանի մտավոր պոտենցիալը իր հայտնիությանը չհամապատասխանելու պատճառով: Կարծում ենք, որ տվյալ դեպքում հիմնական պատճառը երկրորդ տարբերակն է:

Սեփական երկրով հպարտանալը կառուցողական և էներգիայով լեցուն գործունեություն է: Սակայն պետք է հիշել, որ վտանգ կա, որ այդ գործունեությունը կարող է վերածվել դատարկ կուրծք ծեծելու և, հետևաբար, ամենազորության կեղծ թմբիրում առհավետ մնալու սովորության: Իսկ դա իր հերթին կդառնա մեծագույն ապակառուցողական դիրքորոշումներից մեկը:

Հիշենք, որ ամեն մեկիս պարտքն է՝ ստեղծել մեր երկրի բարի համբավը աշխարհում՝ լինի դա շախմատով, գիտությամբ, թե շրջապատը մաքուր պահելու կամքով:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

 

21:34 Հունվար 14, 2016

Ամենաընթերցված նյութեր