Ոմանք տոնում, ոմանք անցկացնում են Նոր Տարին

Ահա եկավ սպասված Նոր Տարին, և միլիոնավոր տարբեր տներում այն վերածվեց միլիոն տարբեր իրադարձությունների: Ոմանք դիմավորում են այն, ոմանք նշում գալուստը, ոմանք տոնում, ոմանք անիծում են այն, ոմանք դեռ սպասում են հույսով, ոմանք սպասում վախվորած… Նոր Տարին սիրելու և չսիրելու պատճառները տարբեր կարող են լինել: Չեն սիրում, ասենք, որովհետև կան տհաճ պարտականություններ՝ շնորհավորել մարդկանց, որոնց չես ուզում շնորհավորել, դիմավորել մարդկանց, որոնք տհաճ են քեզ, որովհետև հարկավոր է ծախսեր անել, իսկ երբեմն՝ անիմաստ ծախսեր և այլն: Եվ սիրում են, որովհետև Նոր Տարուն թևածում են բարյացակամությունն ու կյանքի վերածնման գաղափարը, որովհետև լիություն կա ամենուրեք: Սակայն մի բան է սիրել տոնը, մեկ այլ բան՝ այն տոնել կարողանալը: Ի դեպ, թերևս ոչ մի տոն Հայաստանում այնքան "հարգարժան" չէ, որքան Նոր Տարին: Թե ինչպես է այն նշվում Հայաստանում, կարելի է դատել, օրինակ, նախաամանօրյա "սուպերմարկետային իրարանցումներից" (այդ թվում նաև՝ սուպերմարկետներում հերթ գոյացնող վարկերից), ռեստորանների բազմամարդ վիճակներից (ի միջի այլոց՝ ռեստորաններ, որոնցից շատերում մարդ իրեն շատ կարևոր, բայց, այնուամենայնիվ, զարդ է զգում իրեն): Ասել է թե՝ բոլորը ձգտում են հնարավորինս ճոխ ու լի դիմավորել Նոր Տարին: Թող չզբոսնեն հեքիաթային տրամադրություն ներշնչող փողոցներով, բայց թող ճոխ լինի սեղանը, թող չդիտեն Ամանորին նվիրված ֆիլմերն ու հաղորդումները, բայց թող ճոխ լինի սեղանը, թող չերազեն Նոր Տարվա գիշերը, բայց թող ճոխ լինի սեղանը:

ԲԱՐՈՄԵՏՐԸ որոշել էր պարզել, թե որքանով են երևանցիները գոհ Հայաստանում Նոր Տարին նշելու ընդունված ձևերից:

Պատկերը բավականին խայտաբղետ է: Հարցվողների 18.1%-ը շատ գոհ է Հայաստանում Նոր Տարին նշելու ձևից: Իհարկե, կարելի է գոհ լինել շատ ուտելուց, կարելի է գոհ լինել հեռավոր բարեկամներին տեսնելուց, վերջապես կարելի է ուղղակի գոհ լինել՝ այլընտրանք տեսած չլինելու պատճառով, բայց հուսանք, որ այս պատասխանի հեղինակները գոհ են, քանի որ իրենք լիաթոք ուրախանում են՝ մտովի ամփոփելով նախորդ տարին և կամքով ու էներգիայով պատրաստվում գալիք տարվան:

37.9%-ը պատասխանել է, որ գոհ է հիմնականում: Վստահ ենք, որ "հիմնականում"-ը վերաբերում է ոչ թե ուտելիքի կամ խմիչքի որակին ու քանակին, այլ ուրախանալու համար անհրաժեշտ էներգիայի չափին և բոլոր ծանոթներին ինչ-որ բան նվիրելու հնարավորությանը:

28.3%-ը հիմնականում գոհ չէ, թե ինչպես է Հայաստանում նշվում Նոր Տարին: Նույն վստահությունը մեզ ուղեկցում է նաև այս պարագայում:

Իսկ 15.7%-ը բնավ գոհ չէ Ամանորը տոնելու ձևից: Հավանաբար այսպես պատասխանողները լսել կամ տեսել են, որ առատ սեղանները կարող են ծառայել ուրախ տրամադրությանը և ոչ թե հակառակը, որ երբեմն ուտելու չափ հաճելի նաև չուտելը և լիաթոք զրուցելը մտերիմների հետ, որ Նոր Տարին ոչ թե ծանր գործուղում է, այլ մեծ հանգստի հնարավորություն:

Այնուամենայնիվ՝ Շնորհավոր Նոր Տարի:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

19:00 Հունվար 07, 2016

Ամենաընթերցված նյութեր