Ո՞ր կերակրատեսակն է ամանորյա սեղանի զարդը

Մարդիկ հաճախ են ցանկանում աչքի ընկնել իրենց ինքնատիպությամբ, այս կամ այն հատկությամբ տարբերվել մյուսներից: Իհարկե, սեփական անհատականության ընդգծման հակվածությունը նորմալ երևույթ է, սակայն ցավալին այն է, որ մարդիկ իրենց յուրօրինակությունը հաճախ ընդգծում են ոչ այնքան ստեղծագործական հղացումներով, ինքնուրույն մտածողությամբ, որքան կենցաղային բնույթի մանրուքներով, բրենդներին "ստրկությամբ", պիրսինգներով կամ մազերի երկարացմամբ, մարմնի "ֆիզիկական քարտեզի" վրա դաջվածքների առատությամբ, նոր սոցիալական սեռի ձեռքբերմամբ և այլն:

Ասվածը բացառություն չէ նաև Ամանորը տոնելու պարագայում, քանզի շատերն անզուգական և ինքնատիպ երևալու համար պատրաստ են իրենց սեղանը զարդարել "անդրշիրիմյան աշխարհ գնացած, բայց այսրշիրիմյան աշխարհում հայտված" կոկորդիլոսներով կամ էկզոտիկ այլ մթերքներով ու ուտեստներով:

Ճիշտ է՝ կոկորդիլոսները հայաստանյան "ամանորյա օրակարգում" հայտնվեցին վերջին տարիներին և մեծ աղմուկ բարձրացրեցին: Բայց դա չի նշանակում, թե տոնեցին շռնդալից հաղթանակը ամանորյա սեղանի զարդ լինելու առումով: Ասվածի խոսուն վկայությունն է ԲԱՐՈՄԵՏՐԻ իրականացրած հետազոտությունը (տես գրաֆիկ), որը նպատակ ուներ պարզել, թե երևանցիները ո՞ր կերակրատեսակն են համարում իրենց ամանորյա սեղանի զարդը (հարցվածներից յուրաքանչյուրը իրավունք ուներ ըստ առաջնահերթության ընտրել երեք պատասխան, ուստի ստորև ներկայացված գրաֆիկում արտացոլված է ստացված բոլոր պատասխանների հաշվարկով ստացված պատկերը):

Գրաֆիկ
Ո՞ր կերակրատեսակն եք համարում Ձեր ամանորյա սեղանի զարդը (բոլոր պատասխաններից):

Գրաֆիկից պարզ է դառնում, որ հարցված երևանցիներն աչքի են ընկել որոշակի պահպանողականությամբ, քանզի որպես իրենց ամանորյա սեղանի զարդ հիմնականում նշել են այնպիսի կերակրատեսակներ (դոլմա՝ 22.3%, բլիթ/բլինչիկ՝ 20.4%, խոզի բուդ՝ 18.2%, չարազ՝ 10.2%, պասուց տոլմա՝ 7.8%, հնդկահավ՝ 6.5% և այլն), որոնք տասնամյակներ շարունակ ուրույն տեղ են գտել ու գտնում հայկական ամանորյա սեղանների վրա:

Հարցման արդյունքները վկայում են, որ երևանցիների ամանորյա սեղանի զարդի կարգավիճակում չեն էկզոտիկ կերակրատեսակները, իսկ ուտեստային "օտարահպատակությունը" որակապես չի փոխել երևանցիների ամանորյա ճաշացանկը: Դա անշուշտ լավ է և ողջունելի, սակայն հարկ է մի նկատառում ներկայացնել. ամենալայն իմաստով ամանորյա սեղանի զարդն այդ սեղանի շուրջ հավաքված ընտանիքն է, որն աչքի է ընկնում իր ամբողջականությամբ (օրինակ՝ "խոպանադարձ" անդամներով և այլն) ջերմությամբ, փոխմըբռնման ու փոխհասկացման կարողությամբ:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

 

12:30 Հունվար 03, 2016

Ամենաընթերցված նյութեր