Ինչպիսի՞ տոնածառ են նախընտրում երևանցիները

Մեր օրերում Ամանորի և Սբ. Ծննդյան տոների անբաժան խորհրդանիշն է տոնածառը, որը երկար ճանապարհ է անցել` մինչև մեզ հասնելը: Գերմանիային է վերագրվում Սբ. Ծննդյան Տոնի ծառի զարդարման ավանդույթի սկիզբը 16-րդ դարում: Ոմանք տոնածառը պատրաստում էին փայտից և զարդարում մշտադալար բույսերով և մոմերով: Աստիճանաբար տոնածառի ավանդույթը տարածվեց Եվրոպայի տարբեր երկրներում: Անգլիայի Վիկտորիա թագուհու ամուսինը` իշխան Ալբերտը տոնածառն ավելի նորաձև դարձրեց` 1841թ. անգլիական առաջին տոնածառը Ուինձորի դղյակում զարդարելով մոմերով, զանազան կոնֆետներով, մրգերով և մեղրաբլիթով: 19-րդ դարի առաջին տասնամյակներում տոնածառերն ընդունված չէին: Տոնածառի առաջին ցուցադրությունը 1830-ական թվականներին կատարեցին Փենսիլվանիայի գերմանացի նորաբնակները: Նրանք ցուցադրեցին մի տոնածառ` տեղի եկեղեցու համար գումար հանգանակելու նպատակով: 1851թ. եկեղեցիներից մեկի բակում տոնածառ դրվեց, սակայն ծխականներն այն համարեցին վերադարձ հեթանոսությանը և եկեղեցու սպասավորին խնդրեցին տոնածառը հանել: Մինչև 1980-ական թվականները տոնածառի զարդարանքները գալիս էին Գերմանիայից, իսկ ԱՄՆ-ում տոնածառը գնալով ավելի ու ավելի մասսայական էր դառնում: 20-րդ դարի սկզբում ամերիկացիներն իրենց տոնածառերը զարդարում էին հիմնականում տնայնագործ զարդարանքներով, իսկ գերմանական ծագումով ամերիկացիները շարունակում էին օգտագործել խնձոր, ընկուզեղեն և նշակարկանդակ:Շարաններ էին պատրաստվում մեջընդմեջ դրված վառ գույներով ներկված եգիպտացորենի բոված հատիկներից (ադիբուդի), հատապտուղներից և ընկուզեղենից: Էլեկտրականությունը նպաստեց, որ լույսերով զարդարված տոնածառերը զարդարվեն աշխույժ գույներով: Դրանից հետո տոնածառերը սկսեցին հայտնվել քաղաքային հրապարակներում: Թե մասնավոր և թե հանրային բոլոր կարևոր շենքերը տոնածառի զարդարումով ազդարարում էին Սբ. Ծննդյան Տոնի սկիզբը: 21-րդ դարում տոնածառը զարդարում է բոլոր քրիստոնյաների և՛ տները, և՛ գրասենյակները՛ և բնակավայրերի հրապարակները:

Այն, որ տոնածառը պետք է լինի պարտադիր եղևնի` նոր ժամանակների ավանդույթ է, ավելի վաղ ժամանակներում օգտագործվում էր ցանկացած մշտադալար ծառի ճյուղեր, քանի որ ձմեռվա ամիսներին կանաչ գույնը խորհրդանշում էր գալիք տարվա հաջողությունները: Մեր օրերում տոնածառերի տեսակների բազմազանության մեջ նախապատվություն տալ մեկին կամ մյուսին զուտ ճաշակի խնդիր է: Կարծիքները տարբեր են, երբ քննարկվում է տանը բնական կամ արհեստական եղևնի ունենալու հարցը: Երկու տարբերակն էլ ընդունելի են և ունեն իրենց բացատրությունները. բնական եղևնի նախընտրողները սիրում են եղևնու հոտը և ցանկանում են ամանորյա օրերին բնության մասնիկը տեսնել իրենց բնակարաներում, իսկ արհեստական տոնածառ ընտրողները չեն ուզում վնասել բնությունը և բավարարվում են արհեստական, բայց միևնույն ժամանակ ավելի հարմարավետ եղևնիներով: Ամանորին ընդառաջ ԲԱՐՈՄԵՏՐԸ փորձել է պարզել, թե ինչպիսի՞ տոնածառ են նախընտրում դնել իրենց տանը երևանցիները: Հարցված երևանցիների 69,2% նախընտրում է արհեսատական տոնածառ, 13,6%-ը՝ բնական, իսկ 17,1%-ը ընդհանրապես տոնածառ չի դնում տանը:

Հույս հայտնենք, որ բնական տոնածառ սիրողները այսուհետև կբավարարվեն եղևնու կանաչ ճյուղերով, իսկ տոնածառ չդնողների տրամադրությունը այնքան կբարձրան, որ գենո հաջորդ տարի նրանք տոնածառ կունենան տանը:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

 

13:00 Հունվար 02, 2016

Ամենաընթերցված նյութեր