Որտե՞ղ են երևանցիները պատրաստվում անցկացնել ամանորյա արձակուրդը

Որքան էլ ամանորը ընտանեկան տոն է, այնուամենայնիվ, ամբողջ աշխարհում ընդունված է այդ տոնական մի քանի օրն անցկացնել այլ երկրում, հատկապես, որ ամանորին ցուրտ բնակավայրերից մարդիկ մեծ հաճույքով են մեկնում շոգ հանգստավայրեր: Բացառություն չէ նաև Հայաստանը, որտեղ նույնպես ձևավորվում է ամանորը տանից դուրս անցկացնելու մշակույթ: Արդեն արտասովոր չէ, երբ Հայաստանից մարդիկ մեկնում են Միացյալ Արաբական Էմիրություններ կամ Եգիպտոս՝ դիմավորելու Նոր Տարին:

ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտական խումբը որոշեց պարզել, թե որտեղ են նախատեսում անցկացնել ամանորյա արձակուրդը երևանցիները: Հարցին պատասխանած մարդկանց գերակշռող մասը՝ 90%-ը, նշեց, որ հանգստյան օրերն անցկացնելու է տանը: Հայաստանի տարբեր հանգստավայրերում Ամանորը դիմավորելու է պատասխանածների գրեթե 8%-ը:

Արտերկրում տոներն անցկացնողների թիվը շատ փոքր է: Ինչպես վկայում են հարցման արդյունքները, Ամանորը այլ երկրում կամ Հայաստանի հանգստավայրերում նշելու ավանդույթը երևանցիների մոտ դեռ չի արմատավորվել, ինչը պայմանավորված է, առաջին հերթին, ֆինանսական և սոցիալական այլ հանգամանքներով, ինչպես նաև այդ տոնը տանը նշելու ավանդույթով, ինչի անբաժանելի մասն են կազմում բարեկամական, ընկերային և պաշտոնական փոխայցելությունները:

Բնականաբար, դժվար է գնահատել, թե լա՞վ է արդյոք, որ մեզանում պահպանվում և շարունակվում է Ամանորը հիմնականում տանը նշելու սովորույթը, թե՞ վատ, բայց կարելի է ասել, որ միանշանակ լավ է այն իմաստով, որ դրանով պահպանվում են շփման եղած միջավայրերը և ստեղծվում են նորերը, իսկ մարդն, ինչպես հայտնի է, շփման կամ կոմունիկացիայի արդյունք է: Այս տեսակետից տարվա մեջ Ամանորյա արձակուրդները այն եզակի օրերից են, երբ ընտանիքի անդամները բավարար ժամանակ ունեն միմյանց հետ շփվելու, միասին տարին ամփոփելու, նոր նպատակների և նախագծերի մասին խոսելու և այլն:


ԲԱՐՈՄԵՏՐ

22:01 Դեկտեմբեր 29, 2015

Ամենաընթերցված նյութեր