Արմենիա TV, Շանթ, Հանրային /Հ1/. ո՞ւմ ամանորյա ծրագրերն էին առավել հաջողված անցյալ տարի

Առաջիկա օրերին հայաստանյան հեռուստաընկերությունները հեռուստադիտողի դատին կներկայացնեն իրենց ամանորյա ծրագրերը: Դժվար է ստույգ ասել, թե այս անգամ ո՞ր հեռուստաընկերությունն առավել հաջողակ կգտնվի և կարժանանա հեռուստադիտողի բարձր գնահատականին: Սակայն մի բան այնուամենայնիվ հստակ է. վերջին տարիներին մեր հեռուստաընկերությունների միջև ծավալված ամանորյա մրցակցությունը հանգեցրել է հեռուստածրագրերի որակի բարելավմանը: Իհարկե, սա բնավ չի նշանակում, թե մեր հեռուստաընկերությունները հետևողականորեն բարձրաճաշակ ծրագրեր են մատուցում և պատշաճ իրականացնում են ՀՀ քաղաքացի ու մարդ դաստիարակող գործառույթը, այն էլ՝ բարձր մակարդակով: Այդուհանդերձ, շատերը կհամաձայնեն, որ վերջին տարիներին մեր հեռուստաընկերությունները փորձում են իրական այլընտրանք դառնալ ռուսական հեռուստաալիքներին և իրենց ամանորյա ծրագրերով "ձեռնոց են նետում" երբեմնի "բրենդային" ռուսականներին:
Անշուշտ, հետազոտական տարբեր կառույցներ 2016թ. հնարավորություն կունենան պարզելու, թե հայկական ո՞ր հեռուստաընկերության ամանորյա ծրագրերն են հայտնվել պատվո հարթակում, սակայն անցյալ տարվա կտրվածքով այդօրինակ հետազոտություն արդեն իսկ կա:

Բանն այն է, որ ԲԱՐՈՄԵՏՐԸ իրականացրել է համապատասխան հետազոտություն՝ նպատակ ունենալով պարզել, թե երևանցիներն անցյալ տարի հայաստանյան հեռուստաընկերություններից որի՞ ամանորյա ծրագրերն էին ամենից շատ հավանել: Հարցման արդյունքները փաստում են (նշենք, որ ստորև բերված ցուցանիշները արտացոլում են հստակ պատասխանների պատկերը՝ չներառելով "չգիտեմ", "հեռուսացույց չեն դիտում" տարբերակներին տրված պատասխանները), որ ամանորյա ծրագրերի առումով երևանցիների համար չկա մոնոպոլիստ կամ բացահայտ առաջատար հեռուստաընկերություն, սակայն կան մարգինալ կամ հետնապահ հեռուստաընկերություններ:

Բանն այն է (տես գրաֆիկ), որ առաջատարների շարքում հայաստանյան երեք հեռուստաընկերություններ են (Արմենիա TV՝ 42.1%, Շանթ՝ 33.9%, Հանրային /Հ1/՝ 10.6%), որոնցից և ոչ մեկը չի կարողացել ապահովել 50%+1 արդյունք, մինչդեռ բազմաթիվ հեռուստաընկերություններ չեն կարողացել հաղթահարել անգամ 3%-ի շեմը:

Գրաֆիկից պարզ է դառնում, որ "մարգինալների" մեջ առավել շահեկան վիճակում Հ 2-ն է, որի ամանորյա ծրագրերը հավանել են հարցվածների 2.4%, մինչդեռ մնացածներն (Կենտրոն, ATV, ԱՐ, Երկիր Մեդիա, Լայմ) արձանագրել են դրանից ցածր ցուցանիշներ: Ընդ որում՝ հարցվածների ընդամենը 4.3%-ն է նշել, որ հայաստանյան որևէ հեռուստաընկերության ամանորյա ծրագրերը չի հավանել: Իսկ սա կարծես հուշում է այն մասին, որ մեր հեռուստաընկերություններն առնվազն իրենց ամանորյա ծրագրերի մակարդակում (Երևան քաղաքի կտրվածքով) ունեն մեծ լսարան, կարողացել են արժանանալ երևանցի հեռուստադիտողների ուշադրությանը և գնահատանքին:

Հուսանք, որ վերն ակնարկված "մարգինալները" կմտածեն իրենց ամանորյա ծրագրերը որակապես փոխելու ուղղությամբ, իսկ առաջատարները չեն ընկնի հաղթական "էյֆորիայի" մեջ, քանզի առողջ մրցակցությունից կշահի ինչպես հեռուստադիտողը, այնպես էլ նրան "գայթակղելու" նպատակ հետապնդող հեռուստաընկերությունը


ԲԱՐՈՄԵՏՐ

 

20:30 Դեկտեմբեր 29, 2015

Ամենաընթերցված նյութեր