Սոցիալական վիճակի փոփոխությունը նախորդ տարվա համեմատ

Հանրության ուշադրության կենտրոնում մշտապես գտնվող հարցերից մեկը բարեկեցության և սոցիալական ապահովության հարցն է, այլ կերպ՝ սոցիալական վիճակը: Այս խնդիրը կարևոր ու մտահոգիչ է բոլորի համար՝ անկախ քաղաքական գործընթացներից, եղանակից և միջազգային իրավիճակից: Հայաստանի պարագայում նույնպես կամ, մի գուցե, առավել, քան մյուս երկրների դեպքում, բնակչության սոցիալական վիճակը մնում է օրակարգային հարց անկախության ողջ ընթացքում: Ու թեև այդ հարցում հանրությունը դրական զարգացումը կապում է հիմնականում իշխանությունի հետ, այնուամենայնիվ քիչ չեն նաև օբյեկտիվ հանգամանքները:
ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտական խումբը որոշեց պարզել, թե ինչպե՞ս են մարդիկ գնահատում իրենց սոցիալական վիճակի փոփոխությունը 2015 թվականին՝ համեմատած նախորդ տարվա հետ: Հարցվածների մեծ մասը՝ 51.5%-ը պատասխանեց, որ իր տնային տնտեսության ֆինանսական վիճակը 2014 թվականի համեմատությամբ այս տարի վատթարացել է: Հարցվածների մոտ 36%-ը նշել են, որ ֆինանսական դրության մեջ որևէ փոփոխություն չի նկատվել և նախորդ տարվա համեմատ իրենց տնային տնտեսության վիճակը մնացել է նույնը:

2014-ի նկատմամբ այս տարի ֆինասնական դրական փոփոխություն է արձանագրել հարցվածների մոտ12 %-ը: Թեպետ այս չափը բավականին փոքր է, բայց, եթե հաշվի առնենք Հայաստանի հանրապետության տնտեսական կարողությունները և դրանց հեռանկարները, ապա պարզ է դառնում, որ նույնիսկ երևանցիների 12%-ի պարագայում ֆինանսական դրական փոփոխությունը կարևոր է: Իհարկե, դրա նշանակությունը մեծապես կախված է նաև նրանից, թե որ ոլորտում՝ պետակա՞ն, թե՞ մասնավոր, կրթությու՞ն ու մշակու՞յթ, թե՞ առևտուր, և այլն, արձանագրվել ֆինանսական ակտիվություն ու եկամուտների աճ, բայց, այնուամենայնիվ, օրինական ցանկացած գործունեության ոլորտում այդ դրական փոփոխությունը կարևոր է:

Կա նաև երկրորդ հանգամանքը, որը առավել քան մտահոգիչ է և կապված է հարցվածների մեծ մասի հետ, որոնք իրենց տնային տնտեսության ֆինասնական վիճակի վատթարացում են արձանագրել նախորդ տարվա համեմատ: Քանի որ տոկոսային տարբերությունը նախորդ և այս խմբերի միջև բավականին մեծ է, ապա ակնհայտ է, որ պետության կողմից սոցիալական քաղաքականության շրջանակներում առաջնային խնդիր է դառնում ոչ թե ավելացնել ֆինանսական դրական փոփոխություններ գրանցող մարդկանց թիվը, այլ նվազեցնել հենց բացասական փոփոխություններ ունեցողների թվաքանակը: Նույնքան ակնհայտ է, որ պետությունը չի կարող ուղղակի ֆինանսավորել մարդկանց, բայց կարող է փոխհատուցել ֆինասնական բացը անվճար կամ մասամբ վճարովի բազմաթիվ ծառայություններով (կրթական, առողջապահական, տրանսպորտային, մարզական և այլն), որոնց իրականացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներն այսպես թե այնպես առկա են: Սա, թերևս, կարող է մեղմել սպասվող ֆինանսական դժվար մոտակա երկու տարիների բացասական ազդեցությունը երկրի քաղաքացիների կյանքի վրա:


ԲԱՐՈՄԵՏՐ

09:50 Դեկտեմբեր 22, 2015

Ամենաընթերցված նյութեր