2015թ. տարվա լավագույն հայ մարզիկները

Տարեվերջին գրեթե բոլոր բնագավառներում, ոլորտի պատասխանատուները, ղեկավարները, մասնագետները, լրագրողները, կամ պարզապես շահառուները փորձում են ամփոփել անցնող տարվա արդյունքները: Հատկապես մրցութային այնպիսի ոլորտում, ինչպիսին սպորտն է` ընդունված է ոչ միայն տարեվերջին, այլև ամսական կամ երբեմն նույնիսկ շաբաթական կտրվածքով որոշել առաջատարներին, հաջողակներին և այլն: Երևի բոլոր մարզաձևերում, թե միջազգային և թե տեղական մակարդակով տարվա մերջին որոշում են լավագույններին, բացի այդ լավագույն մարզիկներին են որոշում ոչ միայն ըստ մարզաձևերի, այլև` ընդհանուր առմամբ: Որպես կանոն, տարվա լավագույն մարզիկներին որոշում են կամ ոլորտի մասնագետները, կամ մարզական լրագրողները, կամ այս երկու խմբերը միասին: Սակայն վերջին շրջանում, հատկապես էլեկտրոնային լրատվամիջոցների զարգացման արդյունքում տարբեր քվեարկություններ են կազմակերպվում նաև ընթերցողների, այսինքն` մարզասերների շրջանում: Ի վերջո` սպորտը հենց հանդիսատեսի ու մարզասերի շնորհիվ է դարձել այնպիսին, ինչպիսին այսօր է` բազմամիլիոնանոց պայմանագրերով, գովազդներով, լեփ-լեցուն մարզադաշտերով, ֆան-ակումբներով, հեռուստատեսային հատուկ ալիքներով և այլն, էլ չենք խոսում "աշխարհը գրաված" բուքմեյքերական "վիշապի" մասին:

"Տարվա արդյունքները" շարքում, ԲԱՐՈՄԵՏՐԸ դեկտեմբերի սկզբին անցկացված հետազոտության շրջանակներում բացահայտեց նաև երևանցիների կարծիքով 2015թ. լավագույն հայ մարզիկներին:

Հարցվողների կողմից տրված բոլոր անունների հաշվարկով, անցնող տարվա լավագույն հայ մարզիկներ են ճանաչվել Հենրիխ Մխիթարյանն ու Արթուր Ալեքսանյանը, ընդ որում Հենրիխի առավելությունը շատ չնչին է Արթուրի նկատմամբ:

Գրաֆիկ

Իրավամբ, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի Բորուսիայի առաջատարն այս տարի փայլուն ու արդյունավետ խաղ ցուցադրեց, գրեթե ամեն խաղի աչքի ընկնելով գոլով կամ գոլային փոխանցմամբ: Հենրիխը արդարացիորեն շարունակում է գլխավորել ժամանակակից սպորտում հայերի հպարտության անունների ցուցակը:

Շատ չնչին տարբերությամբ երկրորդ հորիզոնականում մեր հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպային եռակի և Աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն է: Նա հենց 2015թ.-ին նվաճեց Եվրոպայի եռակի և Աշխարհի կրկնակի չեմպիոնի տիտղոսը:

Երևանիցների կարծիքով 2015թ. հայ լավագույն մարզիկների շարքում երրորդը Լևոն Արոնյանն է: Չնայած 2015թ.-ը ոչ մի կերպ չի կարելի համարել լավագույնը Լևոնի մարզական կարիերայում, սակայն կարծում ենք` երևանցիների հուշերում դեռ թարմ են Լևոնի կողմից մեզ պարգևած բազում բերկրալի պահերը, իսկ ավելի անկեղծ` բոլորս հավատում ու սպասում ենք հայկական շախմատի առաջատարի "գլխավոր" հաղթանակին:
Հարցվողների կողմից տրված պատասխանների շարքում թվով չորրորդ ցուցանիշը պատկանում է ծանրամարտի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Աշխարհի 2010թ. չեմպիոն և Եվրոպայի եռակի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանին: Չնայած այս տարվա Աշխարհի առաջնությունն անհաջող էր Տիգրանի համար, սակայն Եվրոպայի առաջնության երրորդ ոսկին Տիգրանը նվաճեց հենց այս տարի` Թբիլիսում:

"Այլ" պատասխանների շարքում նշվել են Յուրա Մովսիսյանի, Միհրան Հարությունյանի, Արթուր Աբրահամի, Հարություն Մերդինյանի, Արսեն Ջուլֆալակյանի և հատուկենտ այլ անուններ, սակայն նրանցից յուրաքանչյուրի օգտին տրված պատասխանների քանակը նշանակալի (5% և ավելի) չի եղել:

Հաջողություն մաղթենք մեր մարզիկներին 2016թ.-ին: Հաջորդ տարին Օլիմպիական է: Ռիո դե Ժանեյրոյից մենք ոսկի ենք սպասում: Ուզում ենք, շատ ենք ուզում…

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:06 Դեկտեմբեր 18, 2015

Ամենաընթերցված նյութեր