Որոնք են մեր հանրությանն առավել շատ մտահոգող խնդիրները

Մեր երկրում հանրությանն առավել շատ մտահոգող խնդիրների պատկերը, գոնե վերջին հինգ-վեց տարիների ընթացքում, էական փոփոխություններ չի կրում: Դրանց դինամիկան հիմնականում պահպանվում է անգամ այն շրջանում, երբ սահմանին հակառակորդի սանձարձակ գործողությունների պատճառով լարվածությունը մեծանում է: Ինչպես միշտ այդ խնդիրներն ունեն ընդգծված սոցիալական ուղղվածություն: ԲԱՐՈՄԵՏՐԻ հերթական սոցիոլոգիական հետազոտությունն այս առումով նոր իրողություններ, ըստ էության, չբացահայտեց: Գործազրկություն-աղքատություն-արտագաղթ  "տրիադան" շարունակում է իր բացահայտ "հաղթարշավը" (տես. գրաֆիկ): Այդ խնդիրների` հարցվողների տված բոլոր պատասխանների հանրագումարային ցուցանիշը կազմում է մոտ 75% (աղքատություն` մոտ 24%, գործազրկություն` մոտ 26% և արտագաղթ` մոտ 25%):

Միայն հաջորդ տեղում է անվտանգության ապահովումը, որը կազմում է տրված պատասխանների մոտ 14%-ը: Ինչ խոսք, առաջին հայացքից առնվազն տարօրինակ է, որ շատ փխրուն խաղաղության և, սահմաններում, գրեթե, ամենօրյա լարվածության պայմաններում գտնվող երկրի մայրաքաղաքի բնակչության համար անվտանգության ապահովումն իր տեղը զիջել է վերոբերյալ խնդիրներին: Տվյալ հարցում հնարավոր բացատրությունների շարքում փորձագետները հատկապես նշում են` բանակի նկատմամբ հանրության շրջանում առկա, գրեթե անվերապահ վստահությունը և սոցիալական խնդիրների բացահայտ դոմինանտությունը ու սրությունը մեր երկրում: Բանակի նկատմամբ վստահությունը, անշուշտ, զգալիորեն բարձրացնում է մարդկանց` անվտանգության և պաշտպանվածության զգացողության մակարդակը: Այսինքն մարդն ապրիորի գիտի, որ մեր բանակն այդ խնդիրը փայլուն լուծում է և հարկ եղած դեպքում պատրաստ է սանձարձակ թշնամուն "իր տեղը" դնել: Սակայն սա ամենևին չի նշանակում, թե նման խնդիր մեր հասարակության համար չկա կամ այն հրատապ չէ:

Մյուս խնդիրներն իրենց սրությամբ և հանրային հնչեղությամբ զիջում են վերոնշյալներին: Թեպետ, առողջապահության մատչելիությունը և որակյալ կրթության ապահովումը որևէ դեպքում չի կարելի համարել երկրորդական, քանի որ յուրաքանչյուր մարդ իր կյանքի որոշակի փուլում անմիջական կամ միջնորդավորված առնչվում է դրանց հետ:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

20:30 Դեկտեմբեր 14, 2015

Ամենաընթերցված նյութեր