Բավարիա՞, թե՞ Բորուսիա

Մյունխենի Բավարիայի և Դորտմունդի Բորուսիայի հայտնի հակամարտությունը շարունակվում է տարիներ շարունակ: Գուցե վերջին տարիներին դասական այս հակամարտության խաղադրույքներն այնքան էլ մեծ չեն, ինչպես տարիների առաջ, քանի որ Բավարիան մրցաշարի այս ընթացքում իր մրցակիցներին արդեն բավականին հետ է թողնում մրցաշարային աղյուսակում` հատկապես նախորդ մրցաշարում: Այնուամենայնիվ, այս մենամարտի սկզբունքայնության վրա դա ոչ մի կերպ չի ազդում:Անկախ նրանից մրցաշարային աղյուսակում քանի միավոր է Բորուսիային և Բավարիային հեռացնում միմյանցից, երբ հանդիպում են այս երկու թիմերը` դաշտում բոլոր վիճակագրական տվյալները մի կողմ են դրվում:

Ակնհայտ է, որ Մյունխենում և Դորտմունդում միշտ սպասում են այս երկու ակումբների դիմակայությանը: Ամբողջ աշխարհում այս երկու ակումբների երկրպագուներն անքան մեծ բանակ են կազմում, որ այս դիմակայությունը ստացել է գերմանական "Կլասիկո" անվանումը:

Հայաստանում գերմանական ֆուտբոլի երկրպագուներ միշտ եղել են: Իսկ, երբ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց Բորուսիա` ոչ թե ավելացան գերմանական ֆուտբոլի երկրպագուների թիվը, այլ ավելացավ Դորտմունդի Բորուսիայի երկրպագուների թիվը: Հաշվի առնելով, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր դերակատարը խաղում է Բորուսիայում, կարելի էր կարծել, որ Երևանում Բավարիային երկրպագուները շատ քիչ կլինեն: Բայց արի ու տես, որ դա այդպես չէ: Ստացվում է, որ ֆուտբոլասեր երևանցիների մեջ բավականին մեծ թիվ են կազմում Գվարդիոլայի ֆուտբոլի երկրպագուները` գրեթե 40%:

ԲԱՐՈՄԵՏՐԸ նոյեմբեր ամսին Երևան քաղաքում իրականացված հարցումների ընթացքում փորձեց պարզել, թե Բորուսիա և Բավարիա զույգից ում են նախընտրում երևանցիները: Ստացված տվյալների համաձայն` երևանցիների 42%-ը այդ երկու ակումբներից ոչ մեկին չի նախընտրում կամ ֆուտբոլով չի հետաքրքրվում: Իսկ այդ երկու ակումբներից մեկին նախընտրող երևանցիների ձայները բաշխվել են հետևյալ կերպ (տես գրաֆիկ):

Փաստորեն, գերմանական ֆուտբոլը` հատկապես Բավարիայի և Բորուսիայի խաղերը հետաքրքրում են երևանցիների 58%-ին: Բավարական մեքենայի համեմատ Բորուսիայի նկատմամբ մեր մայրաքաղաքի բնակիչների ավելի մեծ համակրանքի "պատճառը" բոլորիս հայտնի է:

Հաջողություն մաղթենք Դորտմունդի Բորուսիային և մեր Հենրիխին:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

22:34 Դեկտեմբեր 11, 2015

Ամենաընթերցված նյութեր