Ֆուլ Հաուս VS Խոպանի տեսություն

"Ֆուլ հաուս"-ը մուտք գործելով Արմենիա հեռուստաընկերության եթեր, կարելի է ասել, շատ արագ լրացրեց "Տնփեսա"-ի տեղը: "Ֆուլ հաուս"-ի առաջին եթերաշրջանի ժամանակ ԲԱՐՈՄԵՏՐԸ անդրադարձել էր այդ երկու սիթքոմների մենամարտին: "Ֆուլ հաուս"-ը վայելում է մեծ մասսայականություն, որի պատճառը միայն սցենարը չէ, այլ ընտրված դերասանական "կորիզը": Այստեղ ներգրավված են տղաների կողմից երկու շատ ցանկալի աղջիկներ, որոնց 3-րդ եթերաշրջանում ավելացան ևս երկու "90-60-90" գեղեցկուհիներ: Տղաների կողմից ցանկալի աղջիկներին զուգահեռ հանդես են գալիս աղջիկների կողմից ցանկալի Գոռը և Միհրանը, շատերի կողմից սիրված Գրիգորը, իսկ "թեթև" հումորը լրացնում են մյուս դերասանները: Սիթքոմի առանձին սերիաների մի քանի դրվագներում կարելի է հանդիպել ավելի հայտնի դեմքերի, ինչպիսիք են Գարիկ Մարտիրոսյանը, Վարդան, Ձախ Հարութը և այլն: Այս ամենը ավելի "գունավոր" է դարձնում ընտրված սցենարը, որում շարունակվում է 1-ին եթերաշրջանից սկսված` անշարժ գույքի գործակալի կողմից խաբված և նույն բնակարանը վարձակալած տղաների և աղջիկների միջև պայքարը:
Ինչ վերաբերում է "Խոպանի տեսության"-ը, ապա այն Շանթ հեռուստաընկերության սիրված դերասաններով սիթքոմ է` երկու եղբայրների կանանց ավերջ հակամարտության, սկեսուրի հանդեպ ունեցած "յուրահատուկ" վերաբերմունքի, շվայտ կյանք սիրող և անընդհատ բենզինի գումար ուզող երիտասարդ տղայի, կյանքից շատ քիչ բան հասկացող հասուն գեղեցիկ աղջիկների, "գողական" փեսայի, փոքրիկ աղջկա, և վերջապես, խոպան մեկնած, այնտեղ իրենց անձնական կյանքը դասավորած և ընտանիքի մասին մոռացած տղամարդկանց մասին:

Ինչպես տեսնում ենք, այս երկու սիթքոմերի սցենարների հիմքում ընկած են մեր իրականության մեջ առկա երևույթներ, որոնք ներկայացվում են վառ գույների ներքո` համեմվելով հումորի յուրօրինակ դրսևորումներով:
ԲԱՐՈՄԵՏՐԸ նոյեմբեր ամսին Երևան քաղաքում իրականացված հարցումների ընթացքում փորձեց պարզել, թե այս երկու սիթքոմներից, որն են առավել նախընտրում երևանցիները: Հարկ ենք համարում նշել, որ երևանցիների 1/3-ից ավելին (36.2%) նշված սիթքոմներից ոչ մեկին նախապատվություն չի տվել:

Ինչ վերաբերում է այն հարցվողներին, ովքեր հստակ նախապատվություն են տվել սիթքոմներից մեկին, ապա ձայները բաշխվել են հետևյալ կերպ (տես գրաֆիկ):

Ինչպես տեսնում ենք, ակնհայտ գերակշռում են "Ֆուլ հաուս" սիթքոմի երկրպագուները: Այս պատկերը կարող է վկայել այն մասին, որ երևանցիներն ավելի շատ նախընտրում են երիտասարդ ու ցանկալի տղաների և աղջիկների, այլ ոչ թե շվայտ կյանք սիրող, "գողական" երիտասարդների կամ կյանքից շատ քիչ բան հասկացող հասուն աղջիկների:


ԲԱՐՈՄԵՏՐ

21:56 Դեկտեմբեր 09, 2015

Ամենաընթերցված նյութեր