"Ռևազը"՝ համաշխարհային հսկա

Թերևս շատերն են հիշում "Մենք ենք, մեր սարերը" ֆիլմի հերոս Ռևազին, բայց քչերը գիտեն, որ Փարաջանովը նրան անվանել է "բացառիկ կինոհանճար": Հասկանալի է՝ ոչ այն բանի համար, որ նա հստակ գիտեր, թե ինչով են իրարից տարբերվում պոչավոր և դմակավոր ոչխարները: Ռևազին մարմնավորած Արտավազդ Փելեշյանը համաշխարհային կինեմատոգրաֆի լավագույն ներկայացուցիչներից մեկն է, նորարար կինոռեժիսոր, որի ֆիլմերը ("Մենք", "Տարվա եղանակներ", "Մեր դարը", "Կյանք", "Սկիզբ", "Վերջ" և այլն) մինչ օրս էլ ցուցադրվում են աշխարհի տարբեր կինոփառատոններում և արժանանում ամենաբարձր գնահատականներին: Դեռևս անցյալ դարի վերջերին մի շարք մեծանուն կինոգործիչներ (Գոդֆրի Ռեջիո, Տոնինո Գուերա և այլք) հայտարարեցին, որ 21-րդ դարը լինելու է Փելեշյանի կինոարվեստի դարը, քանզի "դիստանցիոն մոնտաժի" հեղինակն առաջ էր անցել իր ժամանակից ու ժամանակակիցներից: Ռեժիսոր, ով, գրեթե չնկարահանելով ոչինչ և վերցնելով արխիվային կադրեր, դրանք հասցրեց արվեստի, վեհի, վսեմի մակարդակի՝ ցուցադրելով հայ հավաքականության հոգևոր և խորհրդավոր կողմերը:
ԲԱՐՈՄԵՏՐԸ, շարունակելով մեծանուն հայերին նվիրված հետազոտությունը, խնդիր էր դրել պարզել, թե որքանով են երևանցիները ծանոթ կենդանի դասականի արվեստին: Հետազոտության արդյունքները ցավալիորեն վկայում են, որ հարցվածների մեծ մասն անտեղյակ է Փելեշյանի կինեմատոգրաֆից:

Ինչպես երևում է գրաֆիկից՝ հարցվածների միայն 29.7%-ն է ծանոթ հայ մեծանուն ռեժիսորի կինոարվեստին: Եվ սա այն դեպքում, երբ քանի տարի է՝ ավանդույթ է դարձել նրա ֆիլմերի ամենամյա ցուցադրությունը Երևանի մեծ էկրաններին, երբ YouTube-ից կարելի է բեռնել նրա գրեթե բոլոր ֆիլմերը (որոնցից միայն մեկի տևողությունն է գերազանցում մեկ ժամը. այս նշումը "գերզբաղված" մարդկանց համար է): Ի դեպ, նրա ամենահայտնի ֆիլմը՝ "Մենք"-ը, YouTube-ում շուրջ 20.000 անգամ է դիտվել, իսկ ժամանակակից կատակերգությունները անցնում են միլիոնի շեմը. "թաշկինակապաշտ" ժողովրդին բնորո՜շ ցուցանիշ:

Վերջին տարիներին Փելեշյանը բնակվում է Ֆրանսիայում: Գուցե առավել դժվա՞ր է հայրենակիցների անտարբերությունը տանելը: Գուցե հանճարի համար դժվա՞ր է բոլորի նման լինելը:

Պատիվ ունենք՝ լինելու հայ համաշխարհային հսկայի ժամանակակիցը: Թերևս արժե մի փոքր ժամանակ ծախսել հնարավորինս խորը գիտակցելու նրա մեծ ներկայությունը: Եվ թող ոչ ոք իրեն մխիթարելով չհիշի "Գնա մեռի, արի սիրեմ" հայտնի ժողովրդական խոսքը:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

16:00 Դեկտեմբեր 05, 2015

Ամենաընթերցված նյութեր