Հետադարձ հայացք Էրեբունի-Երևան տոնակատարություններին. խոսում է Երևանը

Այս տարի հոկտեմբերի 10-11-ին "Իմ ջերմ ու բարի քաղաք" խորագրով անցկացված Էրեբունի-Երևան տոնակատարություններով նշվեց Երևանի հիմնադրման 2797 ամյակը: Տոնակատորությունների ծրագրին Երևանի քաղաքապետարանը հատկացրել էր 130 միլիոն դրամ, ևս 30 միլիոն հավաքագրվել էր մասնավոր հատվածից:

Սակայն այս տարվա տոնակատարություններն առանձնացան նաև նրանով, որ դրանց նախապատրաստման ժամանակահատվածը համընկավ ՀՀ և ԼՂՀ սահմաններում տիրող լարվածության և միջադեպերի աննախադեպ աճի հետ, որի ժամանակ ցավոք նաև տասնյակ զոհեր գրանցվեցին:   

Այդ ընթացքում հասարակության շրջանում տարբեր կարծիքներ ու մտահոգություններ առաջացան տոնակատարությունների կազմակերպման նպատակահարմարության առումով, որը լուրջ հասարակական հնչերանգ ստացավ: Տարբեր կազմակերպությունների, նախաձեռնությունների, լրատվամիջոցների կողմից բարձրացվում էր տոնակատարություններն ընդհուպ չեղարկելու և փոխարենը` նախատեսված միջոցները սահմանամերձ գուղերին ուղղելու հարցը: Երևանի քաղաքապետանը նշեց, որ չեղարկման հարցն անշուշտ քննարկվել է, բայց  "…քաղաքապետարանն իր բյուջեն կարող է օգտագործել բացառապես Երևան քաղաքի վարչական սահմաններում ու մայրաքաղաքի կարիքների համար և Երևանը, ինչպես աշխարհի բոլոր մյուս քաղաքներն ու հատկապես՝ մայրաքաղաքները, պետք է նշի իր տոնը և պետք է հպարտությամբ ու ներկայանալի նշի, որովհետև համայն հայության մայրաքաղաքն է"։ Երևանի քաղաքապետարանի դիրքորոշմամբ, "….չեղարկելով տոնը մենք այն պետության ջրաղացին ջուր լցրած կլինենք ով հենց սպասում է մեր ընկճվելուն։ Եվ հետո, արդյոք նման քայլը չի՞ նշանակի կասկածել մեր զինվորի ոգուն, սպայական անձնակազմի պատրաստականությանն ու ռազմական մտքին…"

Ի վերջո, տոնակատարությունը կայացավ, ովքեր ցանկացան ու ժամանակ գտան` միջոցառումներին մասնակցեցին, ովքեր չցանկացան` չմասնակցեցին:

Հասկանալի է, որ օրենսդրությամբ սահմանված կարգով, քաղաքապետարանն իր բյուջեն կարող է օգտագործել բացառապես քաղաքի վարչական սահմաններում ու մայրաքաղաքի կարիքների համար, սակայն տոնակատարություններից մոտ մեկ ամիս անց, ԲԱՐՈՄԵՏՐԸ փորձեց այնուամենայնիվ երևանցիներից պարզել, թե ճիշտ կլինե՞ր, եթե հնարավորության դեպքում այս տարվա Էրեբունի-Երևան տոնակատարության համար նախատեսված միջոցներն ուղղվեին սահմանամերձ բնակավայրերի կարիքներին:

Ինչպես տեսնում ենք, մեր համաքաղաքացիների ուղիղ կեսը միանշանակ կողմ կլիներ նման որոշմանը, հարցվողների ևս 1/4-ը` ավելի շուտ կողմ կլիներ: Այսինքն` Երևանի ավագանու ընտրողների գերակշռող մեծամասնությունը (մոտ 75%-ը) իրենց կողմից պատվիրակված լիազորություններ իրականացնող պաշտոնյաների փոխարեն այլ որոշում կկայացներ:

Ի դեպ, եթե մեր պետության համար շատ ավելի նշանակալի ու հրատապ խնդրի համար միջոցների հատկացման միակ պրոբլեմը այդ խնդրի` Երևանի վարչական տարածքում գտնվելու կամ Երևանի կարիքներին առնչվելու մեջ էր, ապա բավականաչափ ցանկության դեպքում հատկացման համար իրավական հիմքեր հնարավոր էր գտնել, հատկապես հաշվի առնելով այն, որ բարոյական հիմքերն առավել քան ակնհայտ էին: Կարելի էր թեկուզ, օրինակ ոչ թե չեղարկել տոնակատարությունները, այլ միջոցների մի մասն ուղղել տոնակատարություններին, մյուս մասը չծախսել, նոր հետո քննարկել, թե ինչպես կարելի է դրանք ուղղել սահմանամերձ գյուղերին:

Իսկ թե ինչպես են գնահատում երևանցիներն անցկացված տոնակատարությունները, կանդրադառնանք հաջորդիվ:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

09:47 Դեկտեմբեր 01, 2015

Ամենաընթերցված նյութեր