Ինչպե՞ս են երևանցիները վերաբերում Մարզահամերգային համալիրի վաճառքին

Մարզահամերգային համալիրի վաճառքի և տարածքում ժամանցային հաստատություններ ստեղծելու մասին տեղեկությունը հանրության կողմից տարբեր գնահատականներ ստացավ: Տնտեսական ազատական հարաբերությունների պայմաններում բոլորը չէ, որ ճիշտ են համարում պատմամշակութային որոշակի արժեք ունեցող հաստատությունները և հարակից տարածքները զվարճանքի և ժամանցի օբյեկտներ դարձնելը, մինչդեռ կառավարությունն, առաջնորդվելով օրենքներով, կարող է և արտոնել նման գործունեություն:

ԲԱՐՈՄԵՐՏԻ հետազոտական խումբը որոշեց պարզել, թե ինչպես են երևանցիները վերաբերում այն հանգամանքին, որ մարզահամերգային համալիրը և դրան հարող տարածքը կարող են վերածվել ժամանցի վայրերի: Հարցվածների ճնշող մեծամասնությունը՝ 75.5%-ը նշեց, որ խիստ բացասական դիրքորոշում ունի դրա նկատմամբ, և հիմնականում բացասական վերաբերմունք է հայտնել պատասխանողների գրեթե 14%-ը:

Պատասխանածների 4%-ը գործարքը համարել է հիմնականում դրական, ելնելով, հավանաբար, նոր աշխատատեղեր բացելու, հարկային մուտքերի և սոցիալական բարենպաստ այլ հանգամանքներից: Թերևս նույն տրամաբանությամբ դատելով՝ եղել են նաև հատուկենտ պատասխաններ, որոնցում երևանցիները գործարքը գնահատել են որպես "ատ դրական" (0.6%):

Ուշագրավ է, որ պատասխանածների շուրջ 6%-ը հայտնել է, որ ՄՀՀ վաճառքը և դրա հետագա շահագործումը ոչինչ չի փոխում հասարակության կյանքում, այլ կերպ ասած՝ դրա հետ կախված որևէ գործողություն չի կարող սոցիալական նշանակալի ազդեցություն ունենալ:

Անշուշտ, Երևանի մարզահամերգային համալիրի վաճառքի և հետագա շահագործման հետ կապված և հանրության կողմից հիմնականում բացասական վերաբերմունքի արժանացած ողջ գործընթացը այդպես է արտացոլվել հասարակական գիտակցության մեջ նաև այն պատճառով, որ ողջ գործընթացի հետ կապված տեղեկությունը գաղտնի էր պահվում կառավարության կողմից, ինչը, հաշվի առնելով իշխանության նկատմամբ անվստահության մթնոլորտը, լրացուցիչ գործող է դառնում գործարքը ոչ-վստահելի, կասկածելի և հիմնականում բացասական գնահատելու հարցում: Ու թեև դեռ որևէ հստակ և հաստատված ծրագիր, կապված մարզահամերգային համալիրի հետագա ճակատագրի հետ, գնող կազմակերպությունը պաշտոնապես չի ներկայացրել, այնուամենայնիվ հետազոտությունը վկայում է, որ արդեն այս փուլում հանրային վստահություն կառավարության և անհայտ կազմակերպության միջև կայացած գործարքի հանդեպ երևանցիների մոտ չկա:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

14:00 Նոյեմբեր 28, 2015

Ամենաընթերցված նյութեր