Երևանի տրանսպարտային խնդիրը

Արդեն ավելի քան 20 տարի է, ինչ մայրաքաղաքի տրանսպորտային հարցը մնում է ամենաարդիական և չլուծվող խնդիրներից մեկը: Միևնույն ժամանակ որոշակի աշխատանքներ պարբերաբար արվել են՝ թեթևացնելու և կանոնակարգելու հարցը, սկսած նոր ճանապարհների կառուցումից և վերջացրած հասարակական մի քանի տրանսպորտային միջոցի փոխարեն մեկ ավտոբուս կիրառելու սկզբունքով: Այնուամենայնիվ, մինչ օրս հարցը մնում է չլուծված, և ամենօրյա խցանումներն արդեն դարձել են երևանցիների կյանքի անբաժան մասը:
ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտական խումբը որոշեց պարզել, թե ո՞ր տրանսպորտային միջոցներից են առավել հաճախ օգտվում երևանցիները: Հարցվածների մեծ մասը՝ 67%-ը նշեց, որ օգտվում է հասարակական վերգետնյա փոխադրամիջոցներից, 18%-ը պատասխանեց, որ օգտվում է անձնական մեքենայից:

Եվս 8.2%-ը նշել է, որ օգտվում է տաքսիների ծառայություններից, և ուշագրավ է, որ պատասխանածներից ընդամենը 3.6%-ն օգտվում է մետրոյից: Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Երևանի տրանսպորտային խնդրի հիմնական ծանրաբեռնվածությունը կրում է վերգետնյա հասարակական տրանսպորտը, ինչը արդարացված չէ մետրոպոլիտենի ցանց ունեցող քաղաքի համար: Նախ, մետրոպոլիտենը նախատեսված է հենց վերգետնյա տրանսպորտային հոսքերը լիցքաթափելու համար, և երկրորդ, էլեկտրաէներգիա արտադրող և նավթ ու գազ չունեցող երկրում մետրոպոլիտենի զարգացումը պետք է իրական այլընտրանք դառնա վերգետնյա գերծանրաբեռնված տրանսպորտային ցանցի համար: Ուշագրավ է, որ մայրաքաղաքում վերգետնյա հասարակական տրանսպորտի երթուղիները շատ դեպքերում համընկնում են մետրոյի երթուղու հետ, մինչդեռ ճիշտ կլիներ, որ վերգետնյա տրանսպորտը սպասարկեր ավելի շատ Երևանի այն հատվածները, որոնցում չկա մետրոպոլիտենի կայարան:

Եվս մի խնդիր կախված է անձնական օգտագործման մեքենաների հետ, որոնք վերջին շրջանում զգալիորեն ավելացել են, և դեռ ավելանալու իրական միտումներ ունեն: Բանն այն է, որ պատասխանողների արդեն մոտ 18 -ը նշում է, որ առավել հաճախ օգտվում է հենց անձնական մեքենաներից, ինչը մեկ միլիոն բնակիչ ունեցող քաղաքի համար բավականին բարձր ցուցանիշ է: Մոտ ապագայում քաղաքային իշխանությունները ստիպված են լինելու նոր մեխանիզմներ մշակել՝ անձնական մեքենաների ամենօրյա շահագործումը սահմանափակելու ուղղությամբ, քանի որ դրանց թվի ավելացումը կարող է պարզապես սպառնալ Երևանի տրանսպորտային համակարգի կենսունակությանը:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

09:30 Նոյեմբեր 23, 2015

Ամենաընթերցված նյութեր