"Կարմիր գծեր". Ինչո՞ւ են դժգոհում երևանցիները

Ճանապարհային երթևեկության կանոնակարգման հարցում կարևոր նշանակություն ունեն ավտոմեքենաների կայանման խնդիրների արդյունավետ և օպտիմալ լուծումները: Մեր երկրում դրանց էր ուղղված, այսպես կոչված, "կարմիր գծերի" ներդրումը: Մինչ այդ` տվյալ դաշտը հիմնականում "կանոնակարգվել" էր տարբեր ինքնակոչ "դրուժիննիկների" միջոցով: Հատկանշական է, որ նրանց մեծ մասը որևէ տեղ գրանցված չէր, հետևաբար հարկային պարտավորություններ չէր կրում, իսկ ստացված բավականին պատկառելի գումարները չէին վերահսկվում և տնօրինվում էին հիմնականում մասնավոր անձանց կողմից: "Կարմիր գծերի" ներդրումը, ըստ էության, բացի երթևեկության կանոնակարգումից, լուծեց նաև մեկ կարևոր խնդիր` ստվերից դուրս բերեց չվերահսկվող պատկառելի միջոցները, զգալիորեն նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը: Սակայն այս ամենով հանդերձ, մեր հանրությունը որոշակի վերապահումներով է մոտենում "Կարմիր գծերին": Դրանք հիմնականում վերաբերում են` հատկապես մայրաքաղաքի կենտրոնում պատեհ և անպատեհ տեղերում դրանց առկայությանը, որը լուրջ դժվարություններ է առաջացնում նրանց տեղաշարժման համար, դառնալով խցանումների և լուրջ անհարմարությունների պատճառ: Շատերը նշում են նաև այն հանգամանքը, որ իրականում իրենցից գումար է գանձվում առանց ծառայություն մատուցելու: Խոսքը մասնավորապես այն դեպքերի մասի է, երբ վճարումը կատարվում է նախապես, սակայն օրինակ Երևանի կենտրոնական բազմաթիվ հատվածներում հնարավոր չի լինում մեքենանա կայանել: Դժգոհությունները բավականին մեծ մասը վերաբերում են վճարի գանձման կարգին: Դիցուք, որևէ մեկը հունիս կամ նույնիսկ դեկտեմբեր ամսին մեկ տարվա համար սահմանված գումար է վճարում "կարմիր գծերում" իր մեքենան կայանելու իրավունքից օգտվելու համար, սակայն պարզվում է, որ դեկտեմբերի 31-ին ավարտվում է ժամկետը: Եվ եթե հունվարի 1-ին նա փորձի մեքենան կայանել գծանշված տեղերում, հաստատապես կտուգանվի: Այսինքն վարորդը վճարում է մեկ տարվա համար, բայց իրականում մինչև ընթացիկ տարվա վերջն է հնարավորություն ունենում օգտվել այդ ծառայությունից: Ոչ վաղ անցյալում վարորդները բողոքում էին նաև sms-ներով վճարման համակարգից, քանի որ տարբեր պատճառներով չէին կարողանում թույլատրելի 5 րոպեի մեջ տեղավորվել և մեկանգամյա վճարումը կատարել: Ներկայում այդ խնդիրն այլևս խիստ ընդգծված չէ, քանի որ թույլատրելի ժամաքանակը վերջին վերանայումից հետո հասցվել է 15 րոպեի: Եթե այս ամենին ավելացնենք նաև sms-ների վճարման և կայանելու ժամերի չնչին (1-2 րոպե) տարբերությունների դեպքում տուգանվելու բամաթիվ դեպքերը, պատկերն առավել ամբողջական կդառնա:

Առավելապես հենց վերոբերյալ խնդիրներով է պայմանավորված, որ երևանցիների մեծմասնությունն արդարացնում է "Կարմիր գծերից" մարդկանց դժգոհությունները: Մասնավորապես ԲԱՐՈՄԵՏՐԻ անցկացրած զանգվածային հարցումները վկայում են , որ ռեսպոնդենտների մոտ 65%-ն (տես. գրաֆիկ) այս կամ այն կերպ հիմնավոր է համարում տվյալ հարցում գոյություն ունեցող դժգոհությունները:

Այսպիսով ամփոփելով ճանապարհային երթևեկության ոլորտում վերջին տարիներին իրականացված բարեփոխումները, որոնք կոնկրետ մեխանիզմների և համակարգերի ներդրումով միտված են եղել մի շարք կարևորագույն խնդիրների լուծմանը, կարելի է փաստել` դեռևս հասարակության մեծամասնության կողմից, մեղմ ասած, միանշանակ չեն ընդունվում: Մեր համաքաղաքացիների մի ստվար հատված այս կամ այն կերպ արդարացի և հիմնավոր է համարում այն դժգոհությունները, որոնք գոյություն ունեն, թե արագաչափերից, թե տեսանկարահանող սարքերից և իհարկե, "Կարմիր գծերից": Հանուն արդարության պետք է նշել, որ որոշ դեպքերում մեծ դժգոհությունների տեղիք տված խնդիրների մի մասի ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկվել են և, այլևս դրանց բացասական հետևանքները բավականաչափ մեղմվել են: Բայց սրանով հանդերձ մարդուն անհարամարություններ պատճառող մի շարք խնդիրներ դեռևս պահպանվում են: Այստեղ միանշանակ պետք է գնալ դրանց համալիր լուծման ճանապարհով, հակառակ դեպքում բացասական իներցիան միշտ իր "սև գործն" անելու է:


ԲԱՐՈՄԵՏՐ

12:39 Նոյեմբեր 17, 2015

Ամենաընթերցված նյութեր