Ո՞ր կազմակերպությունների գործունեությունն ենք առավել կարևորում

Հայաստանում անկախացումից ի վեր գործունեություն են ծավալել հասարակական բազմապիսի կազմակերպություններ, որոնք ժողովրդավարացման ճանապարհը բռնած երկրներում կատարում են հանրության ինքնակազմակերպման կարևորագույն գործառույթը: Այդ կազմակերպություններում մարդիկ միավորվում են սեփական նախաձեռնություններով և սեփական նպատակներն ու շահերը իրացնելու համար, ինչը կարևոր է մարդու հիմնարար ազատությունների և իրավունքների տեսակետից: Միևնույն ժամանակ, հանրային օրակարգում է մնում այն հարցը, թե որքանով է արդյունավետ կամ նպատակահարմար այս կամ այն հասարակական կազմակերպության գործունեությունը երկրում, քանի որ պարբերաբար կարող են առաջանալ հանրության հոգևոր անվտանգության, պետության անվտանգության կամ այլ հարցեր:

ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտական խումբը որոշեց պարզել, թե ինչպիսի՞ կազմակերպությունների գործունեությունն են առավել կարևորում երևանցիները:

Ամենատարածված պատասխանն այն է, որ առավել առաջնային են բարեգործական միությունները (պատասխանածների մոտ 39%), երկրորդ տեղում երևանցիները կարևորում են կրթական (մոտ 19%), երրորդ տեղում՝ բնապահպանական կազմակերպությունների դերը (մոտ 17%): 

Հասարակության և պետության կայացման ու զարգացման գործում կարևոր դերակատարում ունեցող քաղաքացիական կազմակերպությունների գործունեությունն առաջնային են համարում պատասխանողների 12.2%-ը, իսկ մշակութային կազմակերպությունների գործունեությունը՝ մոտ 7%-ը: Ինչպես վկայում են հարցման տվյալները, պատասխանողները հասարակական կազմակերպությունների գործունեությունն ուղղակիորեն կապում են ոչ թե հանրային կյանքի կազմակերպման և զարգացման, այլ, ավելի շուտ, պետության կողմից թույլ տրված բացերի լրացման հետ: Դա է վկայում այն հանգամանքը, որ քաղաքացիական կազմակերպությունների գործունեության առաջնայնությունը ստորադասվել է բարեգործական և բնապահպանական ուղղվածություն ունեցող կազմակերպությունների գործունեությանը:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

 

09:50 Նոյեմբեր 16, 2015

Ամենաընթերցված նյութեր