Հարցվածների 97%-ը իրեն համարում է քրիստոնյա

"Բա գիտե՞ք, որ առաջին երկիրը, որ քրիստոնեությունը ընդունել է որպես պետական կրոն, Հայաստանն է": Սա մեր ոսկե նախադասությունն է, որ ասում ենք մեզ պատահած առաջին զբոսաշրջիկին: Այո՛, մենք հպարտանում ենք այդ փաստով: Մեզ դարերի ընթացքում օգնության է եկել մեր կրոնը, չնայած պատմական շատ ճակատագրական դեպքեր տեղի են ունեցել հենց այն պատճառով, որ մենք քրիստոնյա ենք: Բայց մենք հաղթահարել ենք բազմաթիվ մարտահրավերներ ու այսօր հպարտությամբ ենք նշում, որ առաջինն ենք: Անգամ խորհրդային տարիներին, երբ եկեղեցիները փակ էին, Շիրակի մարզում ամուսիններ կային, ովքեր թաքուն գնացել էին ինչ-որ հեռավոր գյուղ` մկրտելու իրենց աղջիկներին, քանի որ վախենում էին, որ եթե Կոմկուսը իմանար, իրենց աշխատանքից կհեռացնեին: Սյունիքի մարզկենտրոնում մինչև 2002թ-ը չի եղել եկեղեցի, ու շատ ընտանիքներ իրենց երեխաներին մկրտելու համար կրկին երկար ճանապարհ էին կտրում, որ հասնեն մի գյուղ, որտեղ փոքրիկ եկեղեցի էր գործում: Բարեբախտաբար, հիմա չկա նման խնդիր, անգամ զարկ է տրվել նոր եկեղեցիների շինանարությանը, չնայած կարելի էր հները պահել:

Վերջին տասնամյակում հատկապես կարելի է անզեն աչքով նկատել, որ մարդկանց մեջ փոխվել է վերաբերմունքն առ Աստված, առ եկեղեցական միջոցառումներ: Սակայն մի ուրիշ տենդենց էլ կա: Որքան ավելի է վատանում մարդկանց սոցիալական վիճակը, մարդիկ ավելի շատ են իրենց նետում հավատի գիրկը` համարելով որ աղոթքը կփրկի նրանց:

ԲԱՐՈՄԵՏՐ հետազոտավերլուծական խումբը փորձեց պարզել, թե որքանով է կրոնական Երևանի հասարակությունը: Անցկացված հարցման արդյունքների համաձայն պարզ հարցվածների 97%-ն իրեն համարում է քրիստոնյա:

Լինել հավատացյալ (բառի դրական իմաստով) նշանակում է շփվել Աստծո հետ, աղոթել: Արդյունքները վկայում են, որ կան մարդիկ, ովքեր ամեն օր (43.1%) կամ գոնե շաբաթը մի քանի անգամ (19.3%) աղոթում են Աստծուն: Հետաքրքիր դիտարկում. ամեն օր ու շաբաթը մի քանի անգամ աղոթողների մոտ 2/3-ը կանայք են, իսկ ամիսը կամ տարին մի քանի անգամ (14.7-ական %) աղոթողների 2/3-ը` տղամարդիկ:

Չնայած հարցվողների 43.1%-ը ամեն օր աղոթում է, սակայն շատ քչերն են (0.3%) ամեն օր այցելում եկեղեցի: Վերջիններս բացառապես իգական սեռի ներկայացուցիչներ են: Հարցվողների 18.8%-ը շաբաթը մի քանի անգամ այցելում է եկեղեցի, որոնց 2/3-ը (67.7%) կանայք են: Ամիսը ու տարին մի քանի անգամ հաճախողները կազմում են հարցվածների 1/3-ական մասը, որոնք համարյա հավասար են բաշխված: 

Յուրաքանչյուր մարդ յուրովի է հավատում. ոմանք աղոթելով, ոմանք եկեղեցի գնալով, մոմ վառելով, ոմանք երբեք չեն էլ գնում եկեղեցի, բայց, մեկ է, իրենց համարում են քրիստոնյա: Անգամ եթե հարցնես՝ "Թվարկիր 10 պատվիրանները", գուցե դժվարանա, սակայն նա իրեն համարում է քրիստոնյա: Կրոնը, հավատքը բացատրելով ու ապացուցելով չի, այն զգում ես: Որքան շատ հավատացյալ (բառի դրական իմաստով) մարդ լինի, այնքան ավելի անվտանգ կլինենք մենք, քանի որ անհավատ մարդուց ամեն ինչ կարելի է սպասել. չէ՞ որ նա ոչնչից չի վախենում, ինչն ինքին վախենալու է:

Իսկ դու քրիստոնյա՞ ես, գիտե՞ս 10 պատվիրանները: Եթե ոչ, ոչինչ, գնա ու կարդա:


ԲԱՐՈՄԵՏՐ

 

09:50 Նոյեմբեր 13, 2015

Ամենաընթերցված նյութեր