Տեսանկարահանող սարքեր. Երևանցիները դրանց կիրառման վերաբերյալ

Արագաչափերի հետ կապված դժգոհությունների վերաբերյալ մեր համաքաղաքացիների տրամադրությունները "շոշափելուց" հետո ԲԱՐՈՄԵՏՐՆ անդրադառնում է այս շարքի մյուս խնդրահարույց թեմային` տեսանկարահանող սարքերին, որոնք հանրային ընկալման մեջ հայտնի են "կամերաներ" ռուսիֆիկացված առօրեական անվանումով: Դրանք մեր երկրում ներդրվեցին արագաչափերի հետ միասին` 2012թ.-ին,  և կոչված էին նպաստելու անվտանգ երթևեկության ապահովմանը, ինչպես նաև ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Ինչպես արագաչափերի, այնպես էլ տեսանկարահանող սարքերի ներդրման հիմքում, ինչպես ասում են, արդար նպատակներ են: Սակայն սրանով հանդերձ հանրությունը, մեղմ ասած, վերապումներով է մոտենում այդ առաջադեմ պրակտիկայի կիրառմանը: Եվ արագաչափերի, և "կամերաների" պարագայում մարդկանց դժգոհությունները հիմնականում ընդհանրական բնույթ ունեն: Դժգոհությունների առյուծի բաժինն առնչվում է տեսանկարահանող սարքերի առատությանը և երթևեկության կանոնների խախտումների համար գանձվող  տույժերի և տուգանքների բարձր դրույքաչափերին: Հատկանշական է, որ վերջինի պարագայում վարորդները հատկապես շեշտում են, այսպես կոչված, մանր և "հարկադրված" խախտումների համար սահմանված տուգանքների հանգամանքը: Այս խնդրի մեղմացմանն ուղղված Կառավարության նախաձեռնությունը շրջանառվում է, որը հաջորդել էր ՀՀ նախագահի հրավիրած խորհրդակցության ընթացքում նրա կողմից տրված հանձնարարականին (մանր և հանրային վտանգավորություն չներկայացնող խախտումների դեպքում գանձվող դրամական տուգանքը նախազգուշացումով փոխարինելու վերաբերյալ):

ԲԱՐՈՄԵՏՐԻ անցկացրած հետազոտությունները վկայում են, որ երևանցիների մեծամասնությունը այս կամ այն կերպ հիմնավոր և արդար է համարում "կամերաների" հետ կապված մարդկանց դժգոհությունները (տեա. գրաֆիկ): Այս կարծիքը միանշանակ արտահայտել է հարցվողների մոտ 49%-ը, իսկ փոքր վերապահումներով` մոտ 15%-ը: Այսպիսով հանրային ընկալման մեջ տիրապետող է այն մոտեցումը, որ տեսանկարահանող սարքերի կիրառումը, ըստ էության, ավելի շատ խնդիրներ առաջացրեց, քան իրականում դրանք կարգավորեց: Ճիշտ է, ՃՈ-ն տարբեր հաշվետվություններով և տեղեկանքներով փորձում է հիմնավորել տեսանկարահանող սարքերի և արագաչափերի ներդրման արդյունավետությունը, սակայն ներկայացվող թվերն ու փաստերը դեռևս բավարար չեն այդ համակարգերի նկատմամբ մարդկանց վստահությունն ապահովելու տեսանկյունից: Եթե այս ամենին ավելացնենք նաև չվճարվող տուգանքների (բայց շատ դեպքերում վճարված) պատճառով ավտոմեքենաների սեփականատերերի միջոցների վրա արգելանքների կիրառման հետ կապված խնդիրները, ապա պատկերն ավելի ամբողջական կդառնա:

Ակնհայտ է, որ այս ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակներում ներդրված մեխանիզմները խիստ կարևոր նշանակություն ունեն և հանուն ճշմատության պետք է նշել, որ որոշակիորեն նպաստել են ճանապարհային երթևեկության ավտանգության մակարդակի բարձրացմանը և մարդկային գործոնի (վարորդ-տեսուչ) դերի էական նվազմանը: Սակայն մյուս կողմից այդ բարեփոխումները լայն աջակցություն չեն ստանում: Իսկ հիմնական պատճառը, թերևս, սոցիալական արդարություն կոչվող ֆենոմենի մեջ է: Տվյալ դեպքում խոսքը գործող տարաբնույթ գանձումների դրույքաչափերի և մարդկանց իրական վճարունակության էական անհամապատասխանության մասին է: Իսկ երբ մարդուն ասվում է` "փող չունես` խախտում մի արա", սրանով շեշտվում է բացառապես միայն նրա գրպանին կպնելու միջոցով զանցանքը պատժելու հանգամանքը, որն իր բնույթով այնքան էլ մարդակենտրոն չէ:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

14:16 Նոյեմբեր 11, 2015

Ամենաընթերցված նյութեր